Այս էջը սրբագրված է


― Նախ եւ առաջ ուզում եմ իմ ուրախությունը հայտնել, որ Արմեն Սարգսյանի ապաքինումը հաջող է ընթանում, եւ այսօր արդեն բժիշկները նրան նույնիսկ թույլ են տվել օրական 2-3 ժամ աշխատել։ Սա չափազանց ուրախալի լուր է։ Արմեն Սարգսյանը շատ ակտիվ մարդ է եւ նույնիսկ հիվանդության ամենածանր օրերին ուշի-ուշով հետեւում էր Հայաստանի իրադարձություններին։ Նույնիսկ կինը ինձ բողոքում էր, որ գիշերն արթնանում է, միացնում համակարգիչը եւ ինտերնետի միջոցով հետեւում Հայաստանի անցուդարձին, երբեմն էլ ձեր պատճառով բավականին սրտնեղում է, երբ տհաճ բաներ է կարդում։ Ինչեւէ, նա ակտիվ մարդ է, եւ բժիշկների թույլ տված այս երկու-երեք ժամվա աշխատանքը, կարծում եմ, պետք էր անպայման իմաստավորել։ Հատուկ հանձնարարություններով դեսպանի պարտականությունները դնելով նրա վրա, ես այսօր նկատի ունեմ երեք բնագավառ, որոնք նա արդեն իրագործում է։ Մեկը Եւրոպայի վերականգնման եւ զարգացման բանկի հետ մեր հարաբերություններն են։ Սարգսյանը մշտական շփման մեջ է բանկի հետ, մասնավորապես բանկի նախագահ Դե Լառոզիեի հետ, որը դարձել է նրա անձնական բարեկամը, այցելում է Սարգսյանի տուն եւ լուրջ հարցեր քննարկում։ Երկրորդը՝ Համաշխարհային բանկի հետ հարաբերությունների բնագավառն է։ Վերջինիս նախագահը՝ պարոն Վուլֆինսոնը, Արմեն Սարգսյանի համալսարանական գործընկերն է եղել՝ հանգամանք, որին չէր կարելի կարեւորություն չընծայել։ Եւ երրորդը՝ Արմեն Սարգսյանի վրա է դրված Քըրք Քըրքորյանի բարեգործական «Լինսի» հիմնարկության հետ կապի պարտականությունը։ Այս երեք բնագավառները, կարծում եմ, նրա համար ապահովում են բավականին ծանրաբեռնվածություն։ Նա խանդավառ է նաեւ քիչ առաջ իմ հիշատակած ներդրումների իր ականացման պետական հանձնաժողովի գաղափարով, առաջարկել է լինել, ըստ էության, այդ հանձնաժողովի արտասահմանում գտնվող գործակալ եւ լուրջ աշխատանքներ կատարել ներդրումների ներգրավման ուղղությամբ։

ՍԵՒԱՆ ԱԹԱՕՂԼՈՒ, «Ակոս» շաբաթաթերթ, Թուրքիա (ինտերնետի միջոցով) ― Ի՞նչ եք մտածում Ձեր նոր գլխավոր խորհրդականի վերաբերյալ։