Այս էջը սրբագրված է


― Նախ, նորի մասին խոսելուց առաջ, ես պիտի հնի մասին իմ կարծիքն ասեմ։ Ես չեմ կարծում, որ իմ կամ Լիպարիտյանի կողմից ընդհանրապես լրացուցիչ մեկնաբանությունների կարիք կա։ Լիպարիտյանի եւ իմ կողմից այդ հրաժարականի մասին ամեն ինչ ասված է։ Մնացածն արդեն ճաշակի հարց է. ուզում եք հավատացեք դրա շարժառիթներին, ուզում եք՝ մի հավատացեք, բայց ուրիշ շարժառիթներ չկան, գոյություն չունեն։ Լիպարիտյանի գործունեության, նրա վաստակի, մասնավորապես բանակցությունների գործընթացում նրա չափազանց արդյունավետ մասնակցության, նրա ամենօրյա օգտակարության մասին իմ տված գնահատականը մնում է ուժի մեջ, եւ այս շահարկումները ոչինչ չեն տալիս։ Իզուր մարդիկ պղտորում են ե՛ւ իրենց, ե՛ւ ժողովրդի մտքերը։ Պետք է հավատալ մարդուն, հավատն են կորցնում։ Ինչ վերաբերում է նրան փոխարինողին, անկեղծորեն ասած, ես դեռ չեմ գտել այդ փոխարինողին։ Բայց համոզված եմ, որ դա կարեւոր ինստիտուտ է։ Անպայման պետք է մի մարդ, որը նախագահական համակարգում զբաղվի արտաքին քաղաքականության հարցերով, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացով, ինչպես նաեւ կապ հանդիսանա Նախագահի եւ Հայաստանի օտարերկրյա դիվանագիտական կորպուսի միջեւ։ Այդպիսի ինստիտուտ, այդպիսի պաշտոն անհրաժեշտ է։

ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆ, «Փաստ» գործակալություն ― Մեկ տարի առաջ այս օրը մեր հանրապետությունում բոլորովին այլ վիճակ էր, չորս տարի անց, գրեթե այս օրերին նախագահական ընտրություններ են սպասվում։ Եթե մեկնվենք այսօր առկա ներքաղաքական զարգացումներից, ըստ Ձեզ, գալիք ընտրություններին դեռ սպառնո՞ւմ է «սեպտեմբեր 25-ի» կետը, թե՞ այն այլեւս բացառում եք։

― Ես կուզեմ էլի մինչեւ վերջ անկեղծ լինել։ Դա մեծապես կախված է նաեւ ձեզանից, կախված է մամուլից, կախված է մեր հասարակությունից, կախված է մեր մտավորակ անությունից։ Որքա՞ն կարելի է հանդուրժել հեղափոխականությունը, բռնության կոչերը եւ բռնության փաստերը։ Ես չեմ տեսնում, որ մեր հասարակությունն իր համար գոնե ինչ- որ իմունիտետ է ստեղծում նման անցանկալի զարգացումներից խուսափելու համար։ Դո՛ւք եք, որ չպիտի հանդուրժեք դա։