Ի՞նչ հասկացավ ժողովուրդն ընդդիմության հանած աղմուկից. Որ Արցախի համար մենք արյուն ենք թափել, որ գրավված տարածքները վերադարձնելով վտանգվում է Արցախի գոյությունը, որ հանուն Արցախի հայ ժողովուրդը նորից պատրաստ է արյուն թափելու, որ մենք թքած ունենք համաշխարհային կարծիքի վրա, որ մենք ծնկի կբերենք ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ միջազգային հանրությունը, որ մենք «ազգովի կդառնանք ֆիդայի»։
Իսկ հետո՞։ Ոչ ոք չփորձեց պատասխանել հետեւյալ պարզ հարցերին.
- այս ամենն անելուց հետո մենք կհասնե՞նք մեր բաղձալի նպատակին, թե ոչ. - երբ մենք թքենք աշխարհի երեսին, նա մեզ ինչո՞վ կպատասխանի. - թափվելու է Կինոյի տանը հավաքված 500 հոգու, թե՞ մեր ժողովրդի անմեղ արյունը։
Առնվազն վերջին հարցին կարելի է միանշանակ պատասխան տալ. հինգհարյուրի գլխից մի մազ անգամ չի պակասի, անկախ այն բանից, թե նրանք այսօր ինչպիսի զոհողությունների գնալու պատրաստակամություն են հայտնում։ Երբ Արցախը վտանգի մեջ էր, երբ հակառակորդն ընդհուպ մոտեցել էր Գանձասարին, նրանցից ոչ ոք չարձագանքեց Վազգեն Սարգսյանի կոչին ու չմիացավ մահապարտների գնդին։ Ուրիշի արյան գնով փառք որոնողներից ու հերոս ձեւացողներից մեր ժողովուրդը պետք է որ կուշտ լինի։
Ընդդիմության շփոթը, բացի քաղաքական նկատառումներից, գուցեեւ մասամբ բացատրվում է անտեղյակությամբ, որ բնական է, քանի որ Ղարաբաղում եւ Հայաստանում հակամարտության կարգավորման գործընթացին փորձագիտական մակարդակով տիրապետում են ընդամենը վեց հոգի՝ Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Ժիրայր Լիպարիտյանը եւ ես։
Ինչեւէ, բանավեճ չստացվեց, բայց դա ոչ ինձ, ոչ էլ մեր հասարակությանը չպետք է հիասթափեցնի։ Միեւնույն է, ազգի ճակատագիրը տնօրինելու հավակնող ցանկացած քաղաքական գործիչ կամ մտավորական վաղ թե ուշ ստիպված է լինելու հրաժարվել հայհոյախոսությունից