Այս էջը սրբագրված է

Միայն եւ միայն դեմոկրատական նախաձեռնությունների իրականացմամբ է, որ ադրբեջանական կողմի բռնության գործոնին եւ կենտրոնական իշխանությունների ահաբեկչական գործողություններին մենք կարող ենք հակադրել հայկական գործոնը։ Չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ մենք կարող ենք անել այն, ինչ անում են ադրբեջանական իշխանություններից խրախուսվող մոլեռանդ տարրերը։ Հայ ժողովուրդն ընդունակ չէ կոտորելու անզեն մարդկանց՝ կանանց, ծերերի ու երեխաների, եւ փառք Աստծո, որ այդպես է, թեեւ միաժամանակ նա ընդունակ է անսահման վճռականության ու սխրանքի՝ ինքնապաշտպանության սրբազան գործում։

Միայն ու միայն նոր դեմոկրատական նախաձեռնությունների իրականացմամբ է, որ մենք կարող ենք կրկին դաշնակիցներ ձեռք բերել՝ հանձինս Խորհրդային Միության դեմոկրատական ուժերի եւ միջազգային հասարակական կարծիքի, որոնց համակրանքը մենք որոշ չափով կորցրել ենք անցյալ տարվա այս օրերի համեմատ։

Միայն ու միայն նոր դեմոկրատական նախաձեռնությունների իրականացմամբ է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման հռչակագիրը մենք թղթից կարող ենք վերածել գործի, քանի որ դրանով մենք նոր շարժման մեջ կդնենք հայկական գործոնը, որն առողջ ցնցումների նույնպիսի շղթա կստեղծի ողջ երկրում, ինչպես այն ստեղծեց անցյալ տարի։

Եւ վերջապես, որ ամենակարեւորն է, միայն ու միայն նոր դեմոկրատական նախաձեռնությունների իրականացմամբ է, որ մենք կարող ենք ապահովել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի անվտանգությունը, քանի որ այդ դեպքում հայ ժողովրդի դեմ ձեռնարկվող ցանկացած բռնություն երկրի դեմոկրատական ուժերի եւ միջազգային հասարակական կարծիքի կողմից կդիտվի որպես բռնություն դեմոկրատիայի նկատմամբ։

Որո՞նք են դեմոկրատական այդ նոր նախաձեռնությունները։

Հայաստանը պետք է դառնա Խորհրդային Միության առաջին հանրապետությունը, որտեղ պետք է իշխեն համամարդկային արժեքների, ազգերի ինքնորոշման, մարդու իրավունքների եւ սոցիալական արդարության սկզբունքները։