տարելու միջոցով քողածածկել սեփական մերկությունը՝ հույս դնելով ստորագույն մարդկային բնազդների վրա։
Դավադրությունն, ըստ էության, բացառվում է ոչ թե ենթակայական (սուբյեկտիվ) հանգամանքներով, այսինքն ոչ թե այն պատճառով, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ այլ ոմն այդպես է կամենում կամ պատկերացնում, այլ զուտ իրավական առումով։ Այսինքն՝ գործելու է Ղարաբաղի հարցի կարգավորման վերահսկման հստակ իրավական մեխանիզմ, որն ընդգրկելու է հետեւյալ հաջորդական հանգրվանները.
ա) ինչպես վերը նշվեց, համաձայնությունների կայացումից հետո, բայց վերջնական պայմանագրերի ստորագրումից առաջ կարգավորման ծրագիրը ներկայացվելու է շահագրգիռ ժողովուրդների դատին.
բ) կարգավորման ցանկացած ծրագրի կամ պայմանագրի տակ լինելու է Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը.
գ) ստորագրումից հետո կարգավորման ծրագիրը կամ պայմանագիրը պետք է վավերացվի հակամարտող կողմերի խորհրդարանների կողմից։
Ինչպես տեսնում ենք, ե՛ւ ժողովուրդը, ե՛ւ ընդդիմությունը հնարավորություն է ունենալու լիակատար կերպով վերահսկել կարգավորման գործընթացը եւ ազդել նրա արդյունքների վրա։ Ես միայն ուրախ կլինեմ, եթե հրապարակային քննարկումների եւ խորհրդարանական բանավեճերի ընթացքում ընդդիմությունը հանդես գա այլընտրանքային առաջարկներով ու ծրագրերով, որոնք մեզ հնարավորություն կտան կայացնել ճիշտ որոշումներ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցում մենք սխալվելու իրավունք չունենք։
Ինքնախաբեությամբ չզբաղվենք եւ զուր պատրանքներ չփայփայենք՝ Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք։ Ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու առկա կնճիռը։ Մենք ենք լուծելու, եւ լուծելու ենք մեր ուժերի ներածի չափով։ Մեր միակ դաշնակիցը արկածախնդրության մերժումն է։
Ես նպատակ չեմ հետապնդում ողբերգականացնել իրավիճակը եւ ամենեւին տագնապ չեմ հնչեցնում, քանի որ վստահ եմ մեր ժողովրդի ողջամտությանը։
«Հայաստանի Հանրապետություն», 1 նոյեմբերի, 1997 թ.։
ՀՀԱՆԱ, 28/01.11.97։ Բնագիր։ Ինքնագիր։