1997 թվականը նշանակալից էր հատկապես երկրի ներքաղաքական իրավիճակի կայունացման եւ սոցիալ-տնտեսական ոլորտում կարգուկանոնի հաստատման տեսակետից՝ մանավանդ ակնառու նախորդ տարվա անախորժ իրադարձությունների եւ տնտեսական լճացման անհանգստացնող երեւույթների ֆոնի վրա։
Բավականին հուսադրող վիճակ է ստեղծվել հարկային ու մաքսային պարտավորությունների կատարման եւ վճարումային կարգապահության բարձրացման գործում, որը ոչ միայն հնարավորություն է տալիս նախատեսված ժամկետներում իրականացնել բյուջեի ծախսերը, այլեւ ապահովել գազի կանոնավոր մատակարարումը՝ դրանով իսկ լուծելով երկրի էներգետիկ ապահովվածության կարեւորագույն խնդիրը։
Որոշակիորեն կանոնավորվել եւ անհրաժեշտ թափ է ստացել սեփականաշնորհման գործընթացը. սեփականաշնորհված փոքր օբյեկտների թիվն արդեն հասել է շուրջ վեց հազարի, իսկ արտադրական ձեռնարկություններինը՝ ավելի քան հազար երկու հարյուրի։ «Արմենթելի» գործարքի շնորհիվ առաջին լուրջ հաջողությունն է արձանագրվել նաեւ միջազգային աճուրդների բնագավառում, որը որպես մեր երկրի վստահելիության փորձաքար, կարող է դառնալ ապագա շահավետ գործարքների գրավականը։
Լուրջ քայլեր են արվել Հայաստանի բանկային համակարգի առողջացման եւ ամրապնդման ուղղությամբ։ Զգալիորեն աճել են Կենտրոնական բանկի արտաքին պահուստները. նախորդ տարեվերջի 168 մլն դոլարի դիմաց դրանք այսօր կազմում են ավելի քան 240 մլն դոլար։
Հսկայական աշխատանք է կատարվել ֆինանսա-տնտեսական օրենսդրության կատարելագործման բնագավառում։ Շահութահարկի, Եկամտահարկի, Ավելացված արժեքի հարկի եւ Պարտադիր սոցիալական ապահովագրական վճարների մասին ընդունված նոր օրենքներով էականորեն թեթեւացել է աշխատավորների եւ գործատուների հարկային բեռը, որի դրական ազդեցությունը արտադրության վերականգնման, ներդրումների ներգրավման եւ արտահանման ընդլայնման գործում, մասնագետների գնահատմամբ, ի հայտ պետք է գա արդեն իսկ առաջիկա տարվա ընթացքում։ Գործարարության խթանման առումով կարեւոր ազատականացնող հստակեցումներ են կատարվել նաեւ հարկերի եւ բանկային գործունեության մասին ընդունված այլ օրենքներում։