իշխանություն էլ լինի Հայաստանում, ինչպիսի հանճարեղ մարդիկ էլ գտնվեն կառավարության ղեկին, միեւնույն է, ոչ միայն չի հաջողվելու ապահովել երկրի տնտեսական զարգացման նորմալ ընթացքը, այլեւ հնարավոր չի լինելու լուծել առկա սոցիալական խնդիրները։
Աշխատավարձերը, թոշակները, նպաստները մնալու են նույն խղճուկ մակարդակին, Աղետի գոտու վերականգնումը ձգձգվելու է տասնյակ տարիներ, խորանալու է գործազրկությունը։ Բյուջետային աշխատողների աշխատավարձն այսօր կազմում է շուրջ 20 դոլար։ Եթե հաջողվի անգամ այդ գծով ապահովել տարեկան 20 - 30 տոկոսի աճ, ապա պատկերացրեք, ինչ աշխատավարձ ենք մենք վճարելու հինգ տարի հետո։ 40–50 դոլա՞ր։ Նկատի ունենալով դրամի արժեզրկումը եւ անխուսափելի սղաճը, դժվար չէ կռահել, որ հինգ տարի հետո այդ 40–50 դոլարը կունենան նույն արժեքը, ինչ այսօրվա 20 դոլարը, այսինքն՝ բնակչության կենսամակարդակի որեւէ բարելավում տեղի չի ունենա, եթե Աստված, իհարկե, մեզ փրկի վատթարացումից։ Եթե չեմ սխալվում, այստեղ կարծիք արտահայտվեց, որ մեր ժողովուրդը հանուն Ղարաբաղի դեռ կդիմանա, եւ որ Հայաստանին սոցիալական բունտ չի սպառնում։ Ես էլ եմ կարծում, որ մեր ժողովուրդը հանուն իր սոցիալական վիճակի բարելավման չի վտանգի Ղարաբաղի գոյությունը։ Բայց նրա սոցիալական դժգոհությունը կարտահայտվի բոլորովին այլ կերպ՝ արտագաղթի վերսկսումով։
Հետաքրքիր է, ինչի՞ վրա ենք հույս դնում՝ խափանելով կամ, մեղմ ասած, հետաձգելով ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Այն համոզվածության վրա՞,
որ շրջափակումները չեն խանգարում Հայաստանի տնտեսական զարգացմանը,
որ արտասահմանյան ներդրումները կարելի է ապահովել ճիշտ մարկետինգային քաղաքականություն վարելու շնորհիվ,
որ բյուջեն կարելի է զգալիորեն մեծացնել՝ խստացնելով հարկային կարգապահությունը,
որ Սփյուռքից կարելի է ստանալ հարյուրավոր միլիոնների օգնություն,
որ մեզ կօգնեն ու մեկուսացումից կհանեն Ռուսաստանն ու Իրանը,
որ ինչ որ հաջողվել է Իսրայելին, մեզ էլ կհաջողվի,
որ պետք է փոխզիջման գնալ այն ժամանակ, երբ հարկադրված լինենք։