Այս էջը սրբագրված է

ավտոճանապարհի հետ, քանի որ ակնհայտ է, որ Ջուլֆայի երկաթուղին մեկ-երկու շաբաթվա ընթացքում, այն էլ զգալիորեն նվազ ծախսով, շատ ավելի մեծ ծավալի բեռներ կարող էր տեղափոխել, քան այդ ավտոճանապարհը՝ մեկ տարում։

Եւ վերջապես չորրորդ, որն իմ կարծիքով ամենացավալին ու վտանգավորն է, ղարաբաղյան հակամարտության պատճառով Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային կազմակերպություններից՝ դատապարտվելով օրեցօր խորացող մեկուսացման։ Հայաստանն այժմ անդամակցում է ընդամենը երկու տարածաշրջանային կազմակերպության՝ ԱՊՀ-ին եւ Սեւծովյան տնտեսական համագործակցությանը։ ԱՊՀ-ն, քաղաքական եւ անվտանգության կարեւորությամբ հանդերձ, ըստ էության որեւէ դեր չի խաղում Հայաստանի տնտեսության զարգացման մեջ։ Իսկ Սեւծովյան տնտեսական համագործակցությունն առայժմ դուրս չի եկել բարի մտադրությունների արտահայտման ակումբի կարգավիճակից։ Ինչ վերաբերում է Հայաստան – Իրան ― Թուրքմենստան եւ Հայաստան – Իրան – Հունաստան եռակողմ համագործակցության ծրագրերին, ապա դրանք դեռեւս գտնվում են ձեւավորման փուլում, բայց անգամ լիարժեք իրականացման դեպքում էլ էական ազդեցություն չեն կարող ունենալ Հայաստանի տնտեսական զարգացման վրա։ Բոլորիս համար էլ, կարծում եմ, հասկանալի է, որ տնտեսական առումով շատ ավելի գործնական ու կարեւոր են ԳՈՒՈՒԱՄ-ը, ՏՐԱՍԵԿԱ-ն, ԷԿՕ-ն, նավթամուղային կոնսորցիումները, որոնց դռները, դժբախտաբար, առայժմ փակ են մեր առաջ։

Հակամարտության կարգավորման գործընթացի խափանման կամ նույնիսկ ձգձգման դեպքում մենք ոչ միայն չենք կարողանալու դուրս գալ առկա մեկուսացումից, այլեւ ավելի ու ավելի խորացնելու ենք այն։ Խոսքը սոսկ տնտեսական մեկուսացման մասին չէ, քանի որ ինքնըստինքյան հասկանալի է, որ տնտեսական մեկուսացումն ունենալու է նաեւ անցանկալի քաղաքական հետեւանքներ։ Չեմ բացառում, որ անգամ մեկուսացման պայմաններում Հայաստանը կարող է մասնակցել տարածաշրջանային կազմակերպությունների ինչ-ինչ ծրագրերի, բայց ես նկատի ունեմ ոչ թե սիմվոլիկ մասնակցությունը, այլ լիարժեք անդամակցությունը, քանի որ միայն այդ դեպքում կարելի է ակնկալել շոշափելի արդյունքներ։