Իսկ այժմ դիտարկենք այստեղ հնչած մյուս պնդումները։ Այն, որ պետք է պայքարել ստվերային տնտեսության դեմ եւ խստացնել հարկային կարգապահությունը, դժվար թե առարկություն վերցնի։ Բայց որ դրանով հնարավոր է զգալիորեն մեծացնել բյուջեն, խիստ կասկածելի է թվում։ Այդպիսի միջոցներով լավագույն դեպքում կարելի է հասնել ժամանակավոր արդյունքների, քանի որ ինքնըստինքյան հասկանալի է, որ բյուջեի աճը կախված է ոչ այնքան վարչարարական մեթոդներից, որքան տնտեսության զարգացման ընդհանուր դրական միտումներից։ Իսկ այդպիսի միտումներ, ինչպես քիչ առաջ նշվեց, շրջափակումների շարունակման, ներդրումների բացակայության, քաղաքական ու տնտեսական մեկուսացման պայմաններում գոյություն չեն կարող ունենալ։ Բացի այդ, ես նաեւ չափազանց վտանգավոր եմ համարում այս բնագավառում վարչարարական մեթոդներով հրապուրվելը։ Այդ իմաստով ինձ արդեն իսկ մտավախություն են ներշնչում կառավարության կողմից վերջերս ձեռնարկված որոշ քայլեր։ Նկատի ունենալով բնագավառն սպասարկող իրավասու մարմինների (Հարկային վարչության, Մաքսային տեսչության, ՆԳՆ, Դատախազության) որոշակի հակումները, ես չեմ կասկածում, որ վարչարարական մեթոդների կիրառումը կհանգեցնի լուրջ չարաշահումների, որի արդյունքում մենք կունենանք աշխատատեղերի կրճատում, կապիտալի արտահանում, ապրանքաշրջանառության ու դրամաշրջանառության անկում, եւ վերջին հաշվով՝ հարկային մուտքերի նվազում, այսինքն՝ մենք կստանանք մեր ուզածի ճիշտ հակառակը։ Այս ամենի հետեւանքը կլինի ժողովրդի առանց այդ էլ թշվառագույն սոցիալական վիճակի հետագա վատթարացումը եւ արտագաղթի նոր ալիքի ծավալումը։
Հասկանալի չէ նաեւ, թե ինչի վրա է հիմնված Սփյուռքից ակնկալվող օգնության հսկայական չափը (տարեկան շուրջ 400–500 միլիոն դոլար)։ Ասվում է, որ մինչեւ հիմա Սփյուռքի հետ լավ չենք աշխատել, նրա հետ հարաբերությունները ճիշտ չենք կառուցել, այդ պատճառով էլ առայժմ նրանից չնչին օգնություն ենք ստացել։ Եթե անգամ այս դիտողություններն արդարացի համարենք, չեմ կարծում, որ Սփյուռքին քիչ թե շատ ծանոթ որեւէ մեկը կարող է պնդել, թե նա Հայաստանին տա