Մինչ ձայն ստացած բանախոսը կմոտենար խոսափողին՝ հայտարարելու Կոմիտեի որոշումը, հանրահավաքը կանխեց նրան՝ միաբերան, հաստատակամ ու անվերապահ հայտնելով իր կատարած ընտրությունը՝ «ԼԵ՛-ՒՈ՛Ն» վանկարկմամբ։ Ու եթե Կոմիտեի կողմից ընդունված լիներ այլ որոշում, եւ հրապարակվեր այլ անուն, առաջին անգամը կլիներ երկուսուկես տարվա մեջ, երբ ,հարթակը ե եւ ժողովուրդը միմյանց չէին հասկանա։ Եւ չէր օգնի ոչ մի բացատրություն, ոչ մի ելույթ, ոչ մի հեղինակություն, ոչ մի հիմնավորում։ Սակայն դա տեղի չունեցավ. Կոմիտեն եւ ՀՀՇ վարչությունը նույնպես արձանագրել էին փաստական իրողությունը եւ որոշել նրա թեկնածությունը։
Առաջին դժվարին քննությունը
Հաղթանակը եւ իշխանության ստանձնումը դյուրություններ չէր բերելու։ Այն նախ բազմակի դժվարացնելու էր եղած խնդիրները, ավելացնելու էր նորերը, մեծացնելու էր պատասխանատվությունը։ Իշխանությունը կորցրած ուժը, չհաշտվելով կատարված փաստի հետ, երկրորդ գծում պայքարի նոր ձեւեր ու մեթոդներ էր մշակում, դեռեւս իր ձեռքում գտնվող իշխանության միջին եւ ստորին օղակներում դիմում նենգադուլի։ Անկախության դեմ պայքարող մյուս ուժերը, փոքր-ինչ փոխելով իրենց կարգախոսները, այնուամենայնիվ շարունակում էին բացահայտ պայքարել ԽՍՀՄ կազմում մնալու համար։ Այդ նպատակով էլ նրանք նոր իշխանությանը, եւ առաջին հերթին նրա ղեկավարին, օր առաջ վարկաբեկելու, նրանց քայլերը խոչընդոտելու խնդիր էին դրել՝ դրա համար խտրություն չդնելով բնագավառների եւ միջոցների մեջ։ Մյուս կողմից էլ, ՀՀՇ-ի օգնությամբ խորհրդարան մտած մի քանի մանր կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրենց ինքնահաստատման խնդիրը լուծելու եւ դիմագիծ ձեռք բերելու համար, ,արմատական ե լուծումներ էին պահանջում ինչպես անկախության հռչակման, այնպես էլ Ղարաբաղի հարցերում։ Երկու դեպքերում էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը զիջումներ չարեց։ Զիջումներ չարեց ո՛չ ԽՍՀՄ կազմում մնալու ջատագովներին, ո՛չ էլ նրանց, ովքեր, «հայրենասիրական» ցուցադրանքին տրված, պահանջում էին դուրս գալ քաղաքական եւ օրինական լուծումների անխոցելի ճանապարհից, օր առաջ անկախություն հռչակել՝ հաշվի չառնելով իրավիճակը եւ խորհրդային ու միջազգային օրենքները։