Այս էջը սրբագրված է

Դեռեւս կենդանի ԽՍՀՄ-ի հանրապետություններից մեկի ղեկավարի՝ Գերագույն խորհրդի նախագահի համար, թերեւս, ամենապատասխանատու բնագավառը հարաբերություններն էին խորհրդային Կենտրոնի հետ։ Անկախության ձգտումներին հակազդելու համար Մոսկվան ավելի ուժեղացրեց իր տնտեսական եւ ուժային լծակներով իրականացվող ճնշումները։ Դրանց մի մասը քաղաքական ճանապարհով հնարավոր եղավ հաջողությամբ չեզոքացնել կամ շրջանցել։ Մի կողմից՝ հաշվարկված վճռական ու կոշտ դիրքորոշման, մյուս կողմից՝ Կենտրոնի հետ բանակցությունների շնորհիվ հնարավոր եղավ կանխել ԽՍՀՄ պրեզիդենտի՝ «ապօրինի զինված կազմավորումների զինաթափման» մասին հրամանագրի կատարումը Հայաստանում։ Կարճ ժամանակում խնդիրը լուծվեց սեփական միջոցներով՝ Հայաստանի նոր իշխանությանը չենթարկվող զինված կազմավորումների գործունեության կասեցմամբ։ Դրանով լուծվեց ինչպես խորհրդային զորքերի օկուպացիայից խուսափելու, այնպես էլ հանրապետությունը քաղաքացիական պատերազմի ակնհայտ վտանգից ընդմիշտ հեռու պահելու խնդիրը։

Հավատարիմ մնալով քաղաքական առումով անխոցելի ճանապարհով անկախության ձեռքբերման իր որդեգրած ուղուն, Հայաստանը չմասնակցեց 1991 թ. մարտի 27-ին կազմակերպված ԽՍՀՄ հանրաքվեին եւ նշանակեց իր՝ Անկախության հանրաքվեն։ Կենտրոնը եւ Ադրբեջանը բացահայտ ագրեսիայի դիմեցին՝ հստակ (եւ փաստաթղթերով ապացուցված) նպատակ ունենալով բռնի տեղահանել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։ 1991 թ. ապրիլի վերջին սկսված «Կոլցո» լայնածավալ ռազմական գործողության հետեւանքով կորսվեցին ԼՂԻՄ -ին սահմանակից հայկական Գետաշեն ու Մարտունաշեն գյուղերը, գյուղեր դատարկվեցին նաեւ Լեռնային Ղարաբաղում, եղան տասնյակ մարդկային զոհեր։ Գործադրելով ինքնապաշտպանական բոլոր միջոցառումները, բայց նաեւ առաջին տեղում դնելով ակտիվ եւ եռանդուն քաղաքական պայքարը եւ դիվանագիտական աշխատանքը, հնարավոր եղավ լուծել երկու անլուծելի թվացող խնդիր. Խուսափել Կենտրոնի հետ բացահայտ առճակատումից, ինչպես նաեւ՝ կանխել Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանման նրա ծրագիրը։ Կորսված տարածքների մեծ մասը հետագայում հետ բերվեց։

Քաղաքականապես գրագետ քայլերի եւ վճռականության շնորհիվ Մոսկվայի հետ հարաբերությունները հետեւողականորեն որակական փոփոխություններ էին կրում եւ վերաճում գործընկերայինի։ Տպավորիչ ու