Այս էջը սրբագրված է

հաշվով՝ որոշակի բացասական մթնոլորտ ստեղծելուն էր նպատակաուղղված նախօրեին Վազգեն Մանուկյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից, նախագահության թեկնածու առաջադրվելը, ապա նաեւ դրանից հրաժարվելը։ Սրան կարելի է ավելացնել իր դիրքն ու արտոնությունները կորցրած ողջ նախկին իշխանական նոմենկլատուրան եւ այլն։ Այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ միասնական ճակատ էին կազմել հնարավոր բոլոր ուժերը եւ գործադրում էին իրենց հասու հնարավոր բոլոր միջոցները։

Եւ այդուամենայնիվ, նա հավաքեց ավելի քան 83% ձայն։ Երկրորդ տեղն զբաղեցնող Պ. Հայրիկյանը՝ 7%, Սոս Սարգսյանը (սիրված դերասանի իր համարումով, դաշնակցության «համբավով» եւ վերջինիս տրամադրած՝ այդ տարիների համար հսկայական ֆինանսական ժանդակությամբ հանդերձ) Հայրիկյանին զիջեց երկու անգամ։ Ընտրության արդյունքներն ու օրինականությունը որեւէ կերպ եւ որեւէ մեկի կողմից չվիճարկվեց։ Անգամ Պ. Հայրիկյանը այն յուրօրինակ ձեւով վավերացրեց՝ սեւ դրոշներով կազմակերպած սգո զավեշտական ցույցով։

Ճիշտ չի լինի ասել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ այդ վստահությունը միայն շարժման տարիներից եկած իներցիայի արդյունքն էր։ Ընդհակառակը՝ արդեն շուրջ 14 ամիս նա հանրապետության ղեկավարն էր, հասարակության աչքում՝ կատարված ամեն ինչի պատասխանատուն։ Սա փաստորեն հենց այն միջին ժամանակամիջոցն էր, որ այլ հանրապետություններում բավարար էր եղել նոր իշխանությունների ղեկավարների վարկաբեկման եւ քաղաքական ասպարեզից դուրս մղման համար։ Հայաստանում պատկերը ճիշտ հակառակն էր։ Այդ վստահությունը Լեւոն Տեր-Պետրոսյանը վաստակել էր արդեն ոչ թե որպես համաժողովրդական շարժման առաջնորդ եւ ժողովրդական տրիբուն, այլ որպես երկրի ղեկավար, որպես պետական գործիչ՝ իր ավելի քան մեկ տարվա իրական, գործնական աշխատանքի արդյունքով, որ անհնար էր չնկատել ու չգնահատել։


Պետականության ապահով հիմնարկեք


Իշխանությունը վարող քաղաքական ուժի եւ նրա ղեկավարի գնահատականը պետք է հենվի նրանց գործունեության արդյունքի վրա, ընդ որում՝ հաշվի առնելով նաեւ այն բազան, որը նրանց կողմից ժառանգվել էր։ Ինչպես ասվեց, Հայաստանում առկա էին ԽՍՀՄ փլուզման հետեւանքով առաջացած