բոլոր ընդհանրական բնույթի դժվարությունները, ինչ մյուս հանրապետություններում։ Դրանց գումարվում էր միայն Հայաստանին հատուկ խնդիրների այն խումբը, որն իր ծավալով ոչ միայն կրկնապատկում, այլեւ բազմապատկում էր այդ դժվարությունները՝ տնտեսական խուլ շրջափակում, բռնագաղթվածների հոծ զանգված, երկրաշարժից մեկ երրորդով հիմնահատակ ավերված երկիր, Լեռնային Ղարաբաղի վտանգված վիճակ, հանրապետության սահմանափակ բնական պաշարներ եւ այլն։
Մինչդեռ հետագայում որեւէ մեկի մտքում երբեւէ հարց չառաջացավ. ինչպե՞ս է, որ գտնվելով ելակետային ամենաաննպաստ պայմաններում, փաստորեն բոլոր չափորոշիչներով մի քանի անգամ զիջելով Ադրբեջանին, կարողացանք նրա նկատմամբ հասնել այն առավելությանը, ինչն արձանագրվեց 1994-ի զինադադարով եւ առկա էր մինչեւ 1998-ը։ Այդ ընթացքում կատարեցինք ամենաարմատական ու ամենադժվար վերափոխումները եւ կարողացանք ճանաչվել որպես ժողովրդավարական երկիր։ Ո՞րն է եղել հաջողությունների հասնելու այդ մեխանիզմն ու գրավականը…
Թերեւս դեռ «Ղարաբաղ» կոմիտեի շրջանից ունեցած փորձից օգտվելով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ մեծ տեղ էր տալիս ղեկավարման կոլեգիալության սկզբունքին։ Նա անհրաժեշտ էր համարում մինչեւ որոշում ընդունելը լսել բոլորին, ամեն տեղ՝ Գերագույն խորհրդում, նրա Նախագահությունում, կառավարությունում, Անվտանգության խորհրդում, միջազգային տարբեր վեհաժողովներում Հայաստանը ներկայացնող պետական պատվիրակություններում, Սահմանադրական հանձնաժողովում, ՀՀՇ վարչությունում։ Կարեւորագույն հարցերը քննարկվում էին անբռնազբոս, երկարատեւ, համբերատար, բոլոր մանրամասներով։ Քննարկման մասնակից էր դարձվում խնդրին տեղյակ եւ առնչվող ամեն ոք։ Ամեն մեկն ուներ ազատ արտահայտվելու ոչ միայն հնարավորություն, այլեւ պարտավորություն։ Գիտնականից, հետազոտողից քաղաքական գործչին անցած լայնախոհությունը, մանրուքներով չտարվելու, գլխավորը երկրորդականից զատելու ունակությունը օգնում էր գտնելու հարցերի լուծման առավել ճիշտ տարբերակը։ Հաճախ այն կարող էր չհամընկնել հայտնված կարծիքներից եւ առաջարկված լուծումներից եւ ոչ մեկին, սակայն, որպես կանոն, ամենապարզն էր եւ համոզում էր բոլորին։ Այս աշխատաոճի մաս էր կազմում նաեւ պետության բոլոր կառույցների եւ պաշտոնյաների համար օրենսդրությամբ նախատեսված իրավունքների եւ իրավասությունների իրակա