նացման հնարավորության ապահովումը։ Նախագահը երբեք իրեն թույլ չտվեց մտնել այլ օղակների իրավասությունների ոլորտը, զբաղվել մանր հարցերով։
Սակայն սա պայմանների միայն մի մասն էր՝ խնդիրների արդյունավետ լուծումներն ապահովելու համար։ Կարեւորագույն հանգամանք էր քաղաքական թիմի որակը, որի կորիզն առանցքային պաշտոններ էր ստանձնել։ Պետականության կառուցման կարեւորագույն բնագավառները ղեկավարող պաշտոնյաներն ունեին անհրաժեշտ ունակություններ, նրանք լիակատար կարողանում էին օգտվել օրենքով նախատեսված իրենց բոլոր իրավասություններից, ըստ այդմ էլ՝ ունեին նաեւ քաղաքական պատասխանատվություն, ինչը ապահովում էր աշխատանքի արդյունավետությունը եւ ընդհանուր ներդաշնակությունը։ Նկատի ունենք մասնավորապես օրենսդիր մարմինը, կառավարությունը, պաշտպանությունը եւ ներքին գործերը։ Այս հիմնասյուների վրա էր առաջին հերթին հենվում ու կառուցվում պետությունը։
Առաջին Գերագույն խորհուրդը շեշտված յուրահատկություններ ուներ։ Յուրահատկություններից մեկը՝ պարզապես երբեւէ օրենսդիր մարմնի նախադեպը չունենալը, օրենսդրական աշխատանքի ավանդույթի իսպառ բացակայությունն էր։ Կոմունիստական շրջանի նույնանուն մարմինն իր ե՛ւ կազմով (մասամբ՝ կուսակցական նոմենկլատուրա, մասամբ՝ կթվորներ, հովիվներ, բանվորներ), ե՛ւ աշխատանքի մեթոդներով (միաձայն դակում էր կուսակցական մարմիններում գրված օրենքները եւ որոշումները) շատ հեռու էր եղել իրական օրենսդիր մարմին լինելուց եւ չէր կարող այդօրինակ դրական որեւէ ավանդույթ փոխանցել։ Գեթ սկզբնական շրջանում պատգամավորների մեծագույն մասը հեռու էր ոչ միայն օրենսդրական աշխատանքը պատկերացնելուց, այլեւ իրենց իրավունքներն ու պարտականությունները ճանաչելուց։ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանից տիտանական համբերությունից սկսած մինչեւ մանկավարժական հմտություններ ու նրբանկատություն էր պահանջվում այս, ըստ էության ամենադժվարին օղակը ղեկավարելու, այն իր գործառույթին բերելու, բնական, նաեւ արհեստածին հակասություններն ու հակամարտությունները հարթելու, իշխանության թեւերի միջեւ լիազորությունների համար վտանգավոր պայքարը կանխելու, անհրաժեշտ եւ որակյալ օրենսդրական արտադրանքն ապահովելու համար։
Կառավարությունը, որպես ՀՀՇ-ի քաղաքական ծրագիրն իրականացնող գործադիր մարմին, որոշ խարխափումներից հետո վերջնականապես իր դեմքը գտավ Հրանտ Բագրատյանի օրոք։ Կենսապահովման, ռազմաճա