Նորանկախ պետությունների ներքին անցուդարձին ուշի-ուշով հետեւող միջազգային կազմակերպությունները բարձր էին գնահատում Հայաստանում կատարվող կառուցվածքային ու տնտեսական բարեփոխումները, ժողովրդավարացման գործընթացները։ Հայաստանը տարածաշրջանում նույն Արեւմուտքի կողմից գնահատվում էր որպես «ժողովրդավարության կղզի»:
Էներգետիկ բնագավառում կատարված արմատական բարեփոխումների շնորհիվ, արդեն 1996 թվականից՝ ռազմական լայնածավալ բախման սառեցումից կարճ ժամանակ անց, հնարավոր եղավ ապահովել շուրջօրյա էլեկտրամատակարարում (ինչին առ այսօր շատերը, օրինակ՝ հարեւան Վրաստանը, դեռ չեն հասել)։ Որպես տնտեսական աշխուժացման եւ ապագայի հեռանկարի ապացույց վկայում էր այն փաստը, որ սկսեցին արագորեն աճել անշարժ գույքի գները։ Արտագաղթի տեմպերը դանդաղեցին, իսկ 1996–97 թթ. վերադարձողների թիվն արդեն գերազանցում էր արտագաղթողների թվին։ Վերջնական խաղաղության հաստատումը այս եւ մյուս դրական գործընթացները դարձնելու էր անշրջելի։
Լեռնային Ղարաբաղի հարցում
Տարածված թյուր պատկերացում կա, թե Նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման 1997թ. աշնանը պաշտպանած ծրագիրն անակնկալ էր, ուստիեւ նրա քաղաքական թիմի մի քանի առանցքային անդամներ ընդդիմացան եւ ընդվզեցին։
Իրականությունը ճիշտ հակառակն է, տրամագծորե՛ն հակառակը։ Անակնկալը, ոչ թե հակամարտությունը կարգավորելու՝ Հանրապետության Հիմնադիր-նախագահի ծրագիրն ու այն իրականացնելու վճռականությունն էր, այլ նրա քաղաքական թիմի այդ մի քանի անդամների անսպասելի ընդդիմացումն ու դրսեւորած վարքագիծը։
Լեռնային Ղարաբաղի հարցը միշտ եղել էր Նախագահի առաջին եւ ամենակարեւոր խնդիրը։ Սակայն ռազմական առճակատումից ու պատերազմից ուսափելու եւ խնդիրը փոխզիջումների հիման վրա քաղաքական ճանապարհով օր առաջ կարգավորելու իրական ձգտումն է հենց այն կենտրոնական առանցքային գիծը, որ նրա իշխանության ողջ ընթացքում՝ սկզբից մինչեւ վերջ, անընդհատ եւ բոլորի համար տեսանելի անցնում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության միջով։ Դա կարելի է ցույց տալ տաս