հարցերը, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, պետք է դառնա բանակցությունների առարկա» (տե՛ս էջ 320)։ Նա նույն կարծիքին ու համոզմանն էր նաեւ 1995-ին, երբ զինադադար էր կնքվել հայկական կողմի համար բացառիկ նպաստավոր իրավիճակում. «Ղարաբաղյան հակամարտության քայլ առ քայլ կարգավորման մեթոդոլոգիան, որն սկսեց ձեւավորվել դեռեւս 1992 թվականից եւ այսօր խստորեն կիրառվում է անխտիր բոլոր խաղաղարար ծրագրերում։ Այս մեթոդոլոգիան ենթադրում է խնդրի կարգավորման երկու աստիճան. առաջինը՝ զինադադարի կայացման, կայուն խաղաղության հաստատման, Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման, գրավված տարածքների ազատման եւ շրջափակումների վերացման փուլն է, իսկ երկրորդը՝ քաղաքական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման փուլը, որը, ինչպես արդեն նշվեց, վերաբերում է Մինսկի կոնֆերանսի հիմնական իրավասությանը։ Նման մեթոդոլոգիայի որդեգրման կարեւորությունը, կարծում եմ, ինքնըստինքյան ակնհայտ է, քանի որ եթե փորձ արվեր միանգամից լուծել բոլոր հարցերը, ապա, նկատի ունենալով Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ կողմերի դրսեւորած բնական մաքսիմալիզմը, խաղաղության գործընթացը մեկընդմիշտ վիժեցված կարելի էր համարել» (տե՛ս էջ 460)։
Ընթերցողի համար ամենեւին դժվար չէ նկատել, որ հայտնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածի հիմնական կոնցեպցիան, որ, իբր, անակնկալի բերեց շատերին, երբեմն ընդհուպ բառացի, համընկնում է բերված քաղվածքներին. «Ղարաբաղի հարցի լուծման միակ տարբերակը փոխզիջումն է, որը նշանակում է ոչ թե մի կողմի հաղթանակ եւ մյուսի պարտություն, այլ հակամարտության հագեցման վիճակում ձեռքբերված հնարավոր համաձայնություն» (տե՛ս էջ 627–628)։ Եւ եթե 1990 թվականից ի վեր հնարավոր չեղավ իրականացնել փոխզիջումների հիման վրա խնդրի խաղաղ, քաղաքական կարգավորումը, եւ առճակատումը շարունակվեց, ապա՝ միայն Ադրբեջանի չկամության, անիրատեսության, քաղաքական սխալ հաշվարկների, ռազմական ճանապարհին նախապատվություն տալու պատճառով։ Լեւոն Տեր-Պետրոսյանը սկզբից եւեթ չէր բացառում նաեւ այսպիսի ընթացքը, սակայն ոչ թե որպես խնդիրը լուծելու, այլ՝ հակառակ կողմին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու միջոց։
Չմտնելով հայտնի դեպքերի մանրամասների մեջ, արձանագրենք, որ զինական հաջողություններից հետո, 1994 թ. գարնանը ազատագրված էր