ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ նրա շուրջն ստեղծված էր ապահով ու լայնաշերտ ցամաքային անվտանգության գոտի։ Ռազմաճակատի գիծն անցնում էր աշխարհագրական առումով ամենաբարենպաստ դիրքերով։ Հայաստանի հետ ցամաքային կապը ոչ թե մի միջանցք էր, այլ ձգվում էր ողջ արեւմտյան սահմանով՝ մինչեւ Արաքսի ափը։ Այս ընթացքում Հայաստանի նկատմամբ միջազգային որեւէ աննպաստ փաստաթուղթ, ըստ էության, չէր արձանագրվել։ Ղարաբաղը ձեռք էր բերել փաստական բացարձակ անկախություն։ Ղարաբաղի հարցը միջազգայնացվել էր, Ղարաբաղը ճանաչվել էր որպես հակամարտության եւ բանակցային լիարժեք կողմ։ Ծանր կորուստներից հետո Ադրբեջանն ստիպված էր համակերպվել հարցը փոխզիջումների հիման վրա խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու հեռանկարի հետ։ Ռազմական ու դիվանագիտության ասպարեզում այս արդյունքները առաջին հերթին պետության ղեկավար, Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար եւ արտաքին քաղաքականության իրականացնող Լեւոն Տեր-Պետրոսյանի վաստակն էր։ Տեւական աշխատանքից հետո, 1997 թ. աշնանը, հնարավոր ամենաբարենպաստ հիմքի վրա արդեն կարելի էր սկսել վերջնական բանակցությունների փուլը։ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար հնարավոր ամենաբարենպաստ այս իրավիճակում ու պայմաններում հնարավոր էր կնքել վերջնական խաղաղ կարգավորման պայմանագիրը։ Եւ դա ապահովելու էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ որպես քաղաքական խնդրի, լուծումը. «Խոսքը վերաբերում է Ղարաբաղը հայկական պահելուն. 3000 տարի այն բնակեցված է եղել հայերով եւ 3000 տարի հետո էլ պետք է բնակեցված լինի այերով։ Իմ ընտրած ուղին ապահովելու է այդ հեռանկարը եւ հնարավորություններ պահպանելու՝ հասնել մեր բաղձալի նպատակին…»: Հանրապետության Հիմնադիր-նախագահը հասնում էր իր այն նպատակին, ինչին անթաքույց ձգտում էր իր իշխանության ողջ ընթացքում։
Ընդդիմության դիմադրությունը հաղթահարելի էր. «Ղարաբաղը ծախելու» նրանց «մեղադրանքն», ըստ էության, արժեզրկվել էր եւ վերածվել խեղկատակության, քանզի հնչել էր ե՛ւ այն ժամանակ, երբ մարզը լիակատար օկուպացված էր խորհրդային բանակի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից, ե՛ւ այն ժամանակ, երբ այն ազատագրվում էր այդ ուժերից, բացվում էր Լաչինի միջանցքը եւ ազատագրվում Շուշին, ե՛ւ այն ժամանակ, երբ Ղարաբաղի շուրջ ստեղծվում էր անվտանգության գոտի։ Հասկանալի է,