Այս էջը սրբագրված է

դրանք ամբողջությամբ ու անխաթար փոխանցել հաջորդ իշխանությանը, ինչպիսին էլ այն լիներ։ Երկրորդ՝ այդ քայլով զգաստության ու սթափության կոչել բոլորին՝ պատրանքներից ազատվելու, իրողությունները ճիշտ տեսնելու ու գնահատելու, գեթ կեսճանապարհին կործանարար ուղուց հետ կանգնելու համար։ Որքան էլ տարօրինակ, սակայն նույն մարդկանց կողմից նրան ուղղված «պարտվողականության» մեղադրանքները, եւ առկա ձեռքբերումների հիմքի վրա շատ ավելի՝ «հաղթողական» վերջնագծի հասնելու հնարավորություն տեսնելը, ըստ էության, այլ բան չէր, քան նրա վաստակի ամենաբարձր քաղաքական գնահատական։ Չէ՞ որ այդ լավագույն դիրքերն ու արդյունքները ձեռք էին բերվել նրա ղեկավարության ներքո։ Լայն զանգվածներին ուղղված էժան քարոզչության մեջ է, որ հաղթանակները սովորաբար չեն անձնավորվում, անձնավորում են պարտությունները։

1998 թվականից ի վեր արմատապես փոխվեց Լեռնային Ղարաբաղի խնդրի փիլիսոփայությունը։ Այն տեղափոխվեց «հայ ավանդական քաղաքական մտքի»՝ պատմական իրավունքի, պահանջատիրության հարթություն, հռչակվեց «Հայ Դատի» մաս, ինչի հետեւանքով հետագա տարիներին արձանագրվեցին հետեւյալ կանխատեսելի կորուստները.

ա) փաստորեն ինքնակամ կորցրեցինք Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտության եւ բանակցային կողմի, դժվարությամբ ձեռք բերված կարգավիճակը (հիմա ապարդյուն փորձում են այն վերականգնել),

բ) Լեռնային Ղարաբաղի խնդիրն ինքնորոշվող սուբյեկտի հարցից միջազգային հանրության համար վերածվեց վիճելի տարածքի պարզունակ հարցի (իսկ դրա լուծման բանալին տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքն է),

գ) Հայաստանին ստիպեցին ստորագրել միջազգային կարեւորագույն փաստաթուղթ՝ Ստամբուլի «Խարտիան», որ ըստ էության նշանակում էր նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում (իսկ դա կարող է կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը Ադրբեջանի կազմում),

դ) անխոհեմաբար, ժամանակ շահելու համար, բանակցությունների սեղանին դրվեց Մեղրիի հարցը (որը հետ վերցնելու համար արդեն ինչ-որ համարժեքով ստիպված պետք է լինենք փոխհատուցել),