կան պարզունակ կարգախոսների կողքին իրատեսություն բառի հիշատակումն անգամ կարող էր նրա կողմից հակազդեցություն առաջացնել, այնքան, որ նույնիսկ Նախագահն է զգուշությամբ խոսում իր այդ հատկանիշի մասին. «Ասածս կարող է, թերեւս, ցինիկ թվալ, սակայն քաղաքական գործչի գլխավոր հատկությունն իրատեսությունն է, նույնիսկ՝ պրագմատիզմը։ Բոլոր հնարավորությունները պետք է ուղղել ժողովրդի ու պետության բարօրությանը։ Իմ իդեալը ժողովրդավարությունն է, համընդհանուր արժեքները, սակայն այսօրվա գլխավոր գործոնը իրական քաղաքականությունն է» (տե՛ս էջ 297)։
Իրատեսական մոտեցումը չի նշանակում չարդարացված զգուշավորություն, ավելորդ անվստահություն ու պարտվողականություն, որի հետեւանքով կարող ես ձեռքից բաց թողնել հնարավոր արդյունքի հասնելու հարմար պահը։ Ճիշտ այնպես, ինչպես ուժերի ու հնարավորությունների գերագնահատումը չի նշանակում հերոսություն ու հայրենասիրություն, երբ կարող ես կորցնել անգամ ունեցածդ։ Իրատեսական մոտեցումը նշանակում է չնախապաշարված ուղեղով մանրակրկիտ քաղաքական հաշվարկ, հնարավորի արվեստի տիրապետում։ Այդ ունակությունն ունենալու ու այդ արվեստին տիրապետելու դեպքում արդեն համարձակությունը լիովին արդարացված է։ Հանրապետության Հիմնադիր-նախագահը տիրապետում էր այդ արվեստին եւ գտնում, որ՝ «քաղաքականությունը ոչ թե խոսք, ոչ թե գաղափար, ոչ թե ծրագիր է, այլ նախ եւ առաջ գործ, այն էլ՝ թույլատրվածի սահմանն անցնելու միտումով» տե՛ս էջ 89,– ընդգծումն իմն է – Ա.Ս.)։ Այսինքն՝ թվացյալ զգուշավորությունն իրականում ժողովրդի առջեւ առաջնորդի, պետական գործչի պատասխանատվության զգացումն է, բայց միաժամանակ նաեւ այն պարտադիր ու ապահով հիմքը, որի վրա կարելի է կատարել նաեւ «թույլատրվածի սահմանն անցնող» համարձակ քայլեր։ Այս երկու, արտաքուստ հակադիր սկզբունքների ներդաշնակեցումը, իրատեսական քաղաքական հաշվարկն էր, որ իրեն լիովին արդարացրեց Շարժման տարիներին. «Մենք եկանք այն եզրակացության, որ կայսրությունը դատապարտված է, եւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանը չմնա նրա փլատակների տակ» (տե՛ս էջ 299)։ Նույնը վստահ կարելի է ասել նաեւ Շարժմանը հաջորդած՝ ժողովրդավարական իշխանության տարիների համար։ Երկու դեպքում էլ անպակաս էին հապաղելու, համարձակության պակասի մեղադրանքները։ Բայց երկու դեպքում էլ անպակաս են շատերի,