մաթիվ ներկայացուցիչներ։ Եւ կոմկուսը, որ պարտվելուց հետո բոլորովին չէր դադարեցրել իր պայքարը նոր իշխանության դեմ, մեկ տարվա ընթացքում իր հոգեվարքն ապրեց բնական ճանապարհով։ Նույնիսկ դաշնակցությունը, որ նրա քաղաքական հակառակորդն էր ի սկզբանե, հրավեր ստացավ մաս կազմելու կառավարության, ինչը սակայն մերժեց։
Նրա վերաբերմունքը ընդդիմության նկատմամբ երբեք թշնամանքի չվերածվեց, անկախ այն բանից, թե հաճախ պայքարի ինչպիսի անընդունելի ձեւերի էր դիմում վերջինս։ Հանրապետության Նախագահը հարցերն ու հարցադրումները կարողանում էր տեղափոխել քաղաքական հարթություն, դրանով իսկ ստիպում, որ պայքարը մղվի այդ հարթության վրա։ Բայց այստեղ նրա ընդդիմությունը պարտվում էր, ուստի իր հերթին խուսափում էր նմանօրինակ խնդիրների առարկայական քննարկումներից եւ դիմում հերյուրանքների, խեղաթյուրումների, ասեկոսեների տարածման, վերագրումների, ակնհայտ իրողությունների կեղծման, պիտակավորումների ու նմանօրինակ այլ միջոցների։ Բոլոր հրապարակներն ու փողոցները նրանց առջեւ մինչեւ վերջ բաց մնացին երթերի ու հանրահավաքների համար, նույնիսկ պատերազմի ամենածանր շրջանում այդ իրավունքը չսահմանափակվեց։ Ազատ էր մամուլը, ռադիոն ու հեռուստատեսությունը, խորհրդարանի նիստերն ուղիղ հեռարձակվում էին։ Եւ ընդդիմությունն այս ամենից օգտվում էր անկաշկանդ ու անսահմանափակ՝ խեղաթյուրելով իրականությունն ու ամենաթարմ փաստերը։ Հանրապետության Նախագահը երբեմն ստիպված էր լինում անդրադառնալ. «Համոզված եմ, որ ապագա պատմաբանի համար շանթահարիչ է լինելու այն փաստը, թե պատմության կեղծարարությունից կշտացած եւ նրա դեմ ծառացած մեր հասարակությունն ինչպես է ժողովրդավարության պայմաններում հանդուրժում իր աչքի առջեւ եւ իր իսկ մասնակցությամբ տեղի ունեցող իրադարձությունների խեղաթյուրումը» (տե՛ս էջ 369)։
Բայց խեղաթյուրվում էին ոչ միայն փաստերն ու իրադարձությունները. նրա ընդդիմության կողմից լայնորեն կիրառվում էին պայքարի ամենաէժան, բայց արդյունավետ, միջոցներ։ Դրանցից էր նրա մտքերը «փոքր խմբագրումներով» ձեւափոխելը եւ հազարավոր անգամ կրկնելով տարածելը։ Օրինակ՝ այդպես առաջացավ հայտնի՝ «հարեւաններից պարտք վերցրեք ապրեք», «Հայաստանին Սահմանադրություն պետք չէ» նրան վերագրված ու լայնորեն տարածված, այսօր էլ կրկնվող, ամբաստանությունները։ Այդ