Այս էջը սրբագրված է

պես «ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է» նրա ձեւակերպումից սահուն դուրս հանվեց «քաղաքական» բառը եւ այլն։ «Քննադատների» անճարակությունը մատնող էժանագին այս մեթոդը նրա դեմ լայնորեն կիրառվեց մինչեւ վերջ, եւ Նախագահը մի քանի անգամ ստիպված էր հիասթափությամբ դա արձանագրել. «…ես ափսոսանքով եմ նշում, որ բարեկրթությունը պակասում է։ Ես քննադատությունից չեմ վախենում, անգամ՝ ամենասուր քննադատությունից։ Բայց երբ կեղծում են, երբ, ասենք, վերցնում են քո արտահայտությունը, այնտեղից հանում են երեք բառ եւ դա ներկայացնում որպես իրականություն, դա ազնիվ չէ։ Նման բաներն ամենից առաջ պետք է կարգավորվեն նախ ներքին կուլտուրայով, ապա նոր՝ օրենքով» (տե՛ս «ՀՀ», 05.12.96)։ Մի այլ միջոց էր բարոյականության ու տարրական տրամաբանության բոլոր սահմաններն անցնող հերյուրանքներ տարածելը։ Այդպես հասարակության տականքի սեփականությունը դարձան «մազութը լափելու» եւ արտադրված հոսանքը «հողին տալու» (մի այլ տարբերակով՝ «գետը լցնելու») անհեթեթ ու միմյանց բացառող մեղադրանքները։ Այդպես պատերազմի, ողջ ժողովրդի իրական հերոսացման ու վաղուց մոռացված իրական հաղթանակների տարիները դարձան «ցրտի ու խավարի» տարիներ։ 1997 թ. աշնանն էլ, ամեն կերպ խուսափելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ Նախագահի առաջարկած քննարկումից ու բանական բանավեճից, ողջ ընդդիմությունը նրա դեմ պայքարում էր հենց այս փորձված եւ իր կողմից լավ յուրացված մեթոդով. «…աճպարարության սովոր եւ ժողովրդին մոլորության մեջ գցելու տենդով տառապող մարդկանց համար ի ̄նչ փույթ հաշվի նստել տրամաբանության կամ ընդհանրապես բանականության հետ, երբ կարելի է ընդդիմախոսի խոսքերն աղավաղելու եւ երեւակայական վերագրումներ կատարելու միջոցով քողածածկել սեփական մերկությունը՝ հույս դնելով ստորագույն մարդկային բնազդների վրա» (տե՛ս էջ 638–639)։

Հանրապետության Առաջին Նախագահի ընդդիմությունն, անշուշտ, բարձրացնում էր նաեւ «լուրջ քաղաքական» հարցեր։ Այսօր բոլորի համար ակնհայտ է, որ դրանք, ըստ էության, այլ բան չէին, քան իշխանությանը արկածախնդրական քայլերի մղելու փորձեր, քայլեր, որոնք կարող էին ճակատագրական լինել ոչ միայն իշխանության, այլ առաջին հերթին երկրի ու ժողովրդի համար։ Սակայն այն ժամանակ դա բոլորի կողմից չէ, որ այդպես էր ընկալվում.«ազգասիրական» ու «,հայրենասիրական», «հերոսական»