նախաձեռնությունները շատերն ընկալում էին առանց չակերտների։ Բերենք մի քանի օրինակ։ Նրանք 1990 թ. օգոստոսին պահանջում էին ոչ թե անկախության գործընթացի սկիզբ, այլ միանգամից անկախություն հռչակել, կամ՝ անկախություն հռչակել Լեռնային Ղարաբաղի հետ միասին, կամ՝ գործող Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել եւ Լեռնային Ղարաբաղը հայտարարել Հայաստանի մաս։ 1991 թ. գարնանը, որպես բողոք Գորբաչով–Օզալ հանդիպման, պահանջում էին չճանաչել 1921 թ. մարտի 16-ի Ռուս–թուրքական պայմանագրի Հայաստանին վերաբերող կետերը։ Նույն թվականի օգոստոսի վերջին, նստացույցով ու հանրահավաքներով դրան ավելացրել էին նաեւ 1921 թ. Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու պահանջը։ Ապա պահանջում էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Կատեգորիկ դեմ էին Թուրքիայի հետ որեւէ հարաբերություն հաստատելուն, քանի դեռ նա չի ճանաչել հայերի Ցեղասպանությունը, եւ այլն։ Թվում էր, թե, իշխանություն ունենալով, նրանք անմիջապես կիրականցնեին այս եւ այսօրինակ այլ քայլեր։1998 թվականից այս ուժերն են իշխանության գլուխ (եւ անձերը, անուններն ու տոկոսներն այստեղ ոչ մի նշանակություն չունեն)։ Բայց ահա, ամբողջ ութ տարի, ոչ մի ձայն չեն հանում Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի մասին, չեն էլ նկատում Թուրքիայի վարչապետին Ռուսաստանում ցույց տված բացառիկ ջերմ ընդունելությունը եւ ռուս–թուրքական աճող համագործակցությունը։ Այսօր իրենք են ասում, որ Թուրքիայի հետ պատրաստ են հարաբերություններ հաստատել առանց Ցեղասպանության ճանաչման նախապայմանի։ Անհասկանալի պատճառով չեն էլ քննարկում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու, էլ չենք խոսում Հայաստանի անբաժան մաս հայտարարելու մասին հարցը։ Չգիտես ինչու, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց չեն մտցնում ՄԱԿ-ի օրակարգ, անգամ չեն համարձակվում բառը մտցնել Սահմանադրության մեջ։ Լուռ կուլ են տալիս, երբ հանրապետության այսօրվա ղեկավարը հայտարարում է, թե Թուրքիայից տարածքային պահանջներ չունենք…
Պատկերը նույնն է նաեւ ավելի ուշ շրջանի հետ կապված։ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման պարտադրանքով հայկական ուժերի կողմից զբաղեցրած տարածքները միայն «ազատագրված» կոչող, 8000 քառակուսի կմ տարածքով անկախ Լեռնային Ղարաբաղի ծրագրով իշխանության եկածներն անհասկանալի մի տրամաբանությամբ չբնակեց