պայմանների մեջ, ինչում հայտնված ենք այսօր, եւ ինչի անխուսափելիությանը նա չէր կասկածում։ Նրա հրաժարականը ձախողումների հետեւանք չէր, ոչ էլ քաղաքական ընդդիմության ուժի գերազանցության ու պարտադրանքի։ Դա պետական գործչի հրաժարական էր, ինքնազոհողություն, վերջին ու ծայրահեղ այն միջոցը, որով, բոլոր միջոցներն սպառված լինելուց հետո, թերեւս, կարելի էր զգաստացնել քաղաքական ուժերին ու հասարակությանը, համոզել ու հետ պահել երկրի ու ժողովրդի համար վտանգավոր, կործանարար, արկածախնդրական ճանապարհից։
Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահն է ոչ թե առաջինը լինելու հանգամանքով, այլ՝ բառի ամենաընդգրկուն եւ համապարփակ նշանակությամբ։
Երբ նա 1988-ին դարձավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 80-ամյա հայրը դիմեց նրան. «Այդ ճանապարհն ընտրողը պետք է պատրաստ լինի գնալ մինչեւ կախաղան։ Եթե այդպես չէ, ավելի լավ է հիմա ետ կանգնես»: Չի եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կենսագրության մեջ որեւէ դիպված, որ նահանջ լինի այս պայմանից:
Որպես Հանրապետության Նախագահ նա երկու անգամ պաշտոնապես երդվեց Ավետարանի եւ Սահմանադրության վրա, եւ երբեք երդմնազանց ու սահմանադրախախտ չեղավ:
Դեռ 1990 թվականի մարտին նա ինքն իր առջեւ պայման դրեց. «Ով խառնվում է քաղաքականությանը՝ նա պետք է պատրաստ լինի ե՛ւ օրհնանք, ե՛ւ անեծք լսելու: Ով պատրաստվում է ազգին ծառայել՝ նա ազգից պարգեւներ ակնկալելու կամ նրանից խռովելու իրավունք չունի»: Սա Լեւոն Տեր-Պետրոսյան պետական գործչի հավատամքն էր, պարտադիր չափորոշիչը, նրա քաղաքական կենսագրության առանցքային բնութագրիչը, որ 1996-ին դարձավ նաեւ նախագահական երդման «զուտ մարդկային» մասի եզրափակիչը. «Ոչինչ չանել շնորհակալության կամ հատուցման ակնկալիքով»: Նա իշխանությունից հրաժարվեց արժանապատիվ ու անխռով՝ իր վաստակի անխոս գիտակցմամբ, դավանած ճշմարտությանը վստահ, նույն այդ սկզբունքին հավատարիմ. «Եթե արել եմինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որեւէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը»: