իրական արժեքների զանազանումից մինչեւ պատմության ու արդի զանազան երեւույթների գնահատականներ, իրավիճակների վերլուծություն ու ապագայի կանխատեսումներ։ Հրապարակվող ժողովածուն լավագույնս է ներկայացնում հայ հասարակական ու քաղաքական մտքի երկու բեւեռների՝ քաղաքական ռոմանտիզմի եւ իրատես քաղաքականության պայքարը, եւ այդ պայքարում իրատես քաղաքականության հաղթանակի՝ 1988 թվականից սկսվող տասնամյակի պատկերը։
Այսօր առավել ցայտուն ու տեսանելի է, որ ժամանակին չնկատված ու չգնահատված, կասկածի տակ դրված, վիճելի համարված շատ բան, որ, ի հեճուկս առաջին Նախագահի անհաշտ քաղաքական ընդդիմության, այնուամենայնիվ, հնարավոր է եղել դնել գործնական քաղաքականության հիմքում եւ իրագործել, իրոք տվել է իր անուրանալի դրական ու մնայուն արդյունքները՝ անկախության ձեռքբերում ու անկախ պետականության կայացում, զինական հաղթանակներ, Լեռնային Ղարաբաղի փրկություն, նրա փաստական անկախության ու անվտանգության ապահովում, համակար գային բարեփոխումներ, ժողովրդավարության արմատավորում եւ այլն։ Նույն կերպ տեսանելի է, որ այն դեպքերում, երբ ժամանակի ,հայրենասերե ու ,ազգայինե ընդդիմությանը հաջողվել է արգելափակել նրա նախաձեռնությունները, խոչընդոտել որեւէ ծրագիր, ապա այսօր քաղում ենք դրա ավելի քան դառը պտուղները։ այս վերջին դեպքի համար բերենք հետեւյալ ցայտուն օրինակը, որ կապված է 1990 թ. սեպտեմբերի 3֊ին Գերագույն խորհրդի փակ նիստում Լեւոն Տեր֊Պետրոսյանի մի ելույթի հետ, որ, բնականաբար, ժամանակին չի հրապարակվել։
Հանրապետության Հիմնադիր֊նախագահին «պարտվողականության» մեջ մեղադրող «հաղթողականների» իշխանությունը շատ է խոսում իրավական հիմքի վրա Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մասին։ Մասնավորաբար վկայակոչվում է «ԽՍՀՄ օրենքների շրջանակներում» ԼՂՀ֊ի անկախության հռչակումը 1991 թ. սեպտեմբերի 2֊ին եւ նույն թվականի դեկտեմբերի 10֊ի անկախության հանրաքվեն։ Սակայն, երբ միջազգային որեւէ ատյանում նրանց առաջարկվում է իրավական հիմքի վրա խնդրի քննարկում, անմիջապես խուսափում են ու բողոքում նման առաջարկից։ Բանն այն է, որ հիշյալ որոշումները կայացնելիս Լեռնային Ղարաբաղը չուներ մարզային իշխանության սահմանադրական մարմին՝ Մարզային խորհուրդ (այստեղ 1989 թ. հունվարից հաստատված էր հատուկ կառավարում)։