տանի Գերագոյն խորհրդի վերջին նիստերում՝ համեմատաբար դեմոկրատական ընտրական օրէնքների ընդունման համար։ Մեզ ի վերջոյ յաջողուեց ընդունել այնպիսի օրէնքներ, որոնք, կամայականութիւնների բացակայութեան դէպքում, կարող են ապահովել ազատ ընտրութիւնների անցկացումը։ Սակայն կամայականութիւնները, դժբախտաբար, բացառուած չեն, եւ իշխանութիւնները կը դիմեն ամէն միջոցի՝ իրենց դիրքերը չզիջելու համար։ Նոյնիսկ ընտրարշաւի ներկայ փուլում՝ թեկնածուների առաջադրման ընթացքում արդէն արձանագրուել են օրէնքի խախտման բազմաթիւ դէպքեր։ Մենք լուրջ մտավախութիւն ունենք, որ իշխանութիւնները կանգ չեն առնի նոյնիսկ գրգռութիւններ հրահրելու գնով Հայաստանում արտակարգ դրութիւն հաստատելու մտքի առջեւ, միայն թէ կարողանան ապահովել իրենց յաղթանակը, ինչպէս դա արուեց 1989 թուականի մարտի ընտրութիւններում, որոնք տեղի ունեցան յատուկ դրութեան պայմաններում։ ՀՀՇ-ի խնդիրն է՝ խուսափել նման պատրուակներ ստեղծելուն նպաստող գրգռիչ գործողութիւններից եւ ապահովել ընտրութիւնների խաղաղ ընթացքը։
Ինչ վերաբերում է բուն ընտրարշաւին, ապա ՀՀՇ-ն դրան մասնակցում է ոչ թէ կուսակցական մօտեցմամբ, այլ համազգային շահերի գիտակցութեամբ։ Մենք պէտք է ձգտենք ոչ թէ ապագայ Խորհրդարանում առաւելագոյն տեղեր զբաղեցնել, այլ պայքարել միայն ու միայն յանուն այն բանի, որ այդ խորհրդարանը լինի իսկապէս ազգային մի իշխանութիւն, որտեղ ներկայացուած լինեն մեր ժողովրդի արժանի ընտրեալները։ Մեզնից անխտիր կերպով գործօն աջակցութիւն կը ստանան բոլոր այն թեկնածուները, որոնք վայելում են ժողովրդի անվերապահ յարգանքը՝ անկախ այն բանից, թէ նրանք ՀՀՇ-ի անդամ են, թէ ոչ։
― Մեր վերջին հարցումը, անշուշտ, կը վերաբերի Ղարաբաղին։ Ի՞նչ է այսօր Արցախի կացութիւնը, երբ ամիսներէ ի վեր կը տիրէ արտակարգ վիճակ։
― Արցախն այսօր ապրում է իր դժուարագոյն ժամանակաշրջաններից մէկը։ Ինչպէս յայտնի է, այստեղ հաստատուած է արտակարգ դրութիւն, եւ մարզի ողջ իշխանութիւնը փաստօրէն գտնւում է զինուորականների ձեռքում։ Ոտնահարելով խորհրդային Սահմանադրութիւնը՝ զինուորական իշխանութիւնները Լեռնային Ղարաբաղում իրականացնում են ոչ միայն ոստիկանական, այլ նաեւ զուտ քաղաքական գործառնութիւններ, որ ըստ