օրէնքի դուրս է նրանց իրաւասութիւնների սահմաններից։ Կենտրոնի չթաքցուող նպատակն է՝ զինուորական ուժով հարկադրել արցախահայութեանը ընդունելու 1989 թուականի նոյեմբերի 28-ի խայտառակ որոշումը, որով մարզը կրկին յանձնւում է Ադրբեջանի լիակատար գերիշխանութեանը։ Դրանով են բացատրւում զինուորականնների սանձազերծած կամայական գործողութիւնները, բռնութիւնները, ձերբակալութիւնները, օդային հաղորդակցութեան դժուարացումը Արցախի եւ Հայաստանի միջեւ։ Արցախահայութիւնն այսօր, դիմելով համընդհանուր գործադուլի եւ փաստօրէն յայտարարելով լիակատար քաղաքացիական անհնազանդութիւն, յաջողութեամբ վիժեցնում է նշուած որոշման իրականացումը։ Առայժմ սա է նրանց պայքարի միակ տեսանելի միջոցը, քանի որ ակնյայտ է, որ միայն նոյեմբերի 28-ի որոշման ձախողումից յետոյ Մոսկուան ստիպուած կը լինի փնտռել նոր քաղաքական լուծումներ։
Հայոց համազգային շարժումը, ինչպէս դրանից առաջ Ղարաբաղեան շարժման Հայաստանի կոմիտէն, հետեւողականօրէն հետապնդում է Հայաստանի եւ Արցախի վերամիաւորման խնդիրը, այն դիտելով որպէս մեր ազգի առջեւ ծառացած ամենահրատապ խնդիր։ Այդ ուղղութեամբ մինչ այժմ ձեռնարկուած բոլոր միջոցառումները՝ ցոյցերը, միթինկները, գործադուլները եւ քաղաքական վճիռները, այդ թւում նաեւ Հայաստանի Գերագոյն խորհրդի 1988 թուականի յունիսի 15-ի եւ 1989 թուականի դեկտեմբերի 1-ի պատմական որոշումները կայացուել են ՀՀՇ-ի անմիջական նախաձեռնութեամբ եւ ժողովրդական զանգուածների վճռական պայքարով։ Ծրագրելով եւ իրականացնելով Հայաստանի եւ Արցախի վերամիաւորումը հռչակող շրջադարձային որոշման կայացումը, Հայոց համազգային շարժումը մտադիր է այն հասցնել իր տրամաբանական վախճանին՝ քայլ առ քայլ կենսագործելով փաստացի միաւորման գործնական ծրագիրը։ Այդ ծրագրի կարեւորագոյն օղակն այսօր Հայաստանի Գերագոյն խորհրդի տասներկու երեսփոխանների ընտրութիւնն է Լեռնային Ղարաբաղում, որ նախատեսուած է անցկացնել նոյն մայիսի 20-ին։ Այստեղ մեզ անշուշտ սպասում է դժուարին պայքար, բայց, ինչպէս պարզուեց վերջին երկու տարիներին, մեր ժողովուրդը պայքարից չի խուսափում։
«Հայք», 15 ապրիլի, 1990 թ.։ Արտատպված «Յառաջից»։ Հրատարակված՝ «Յառաջի» տեսակցութիւնը Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ» վերնագրով։