փակ լիազորություններով, այդ թվում՝ արտակարգ դրության կարգավիճակով չնախատեսված քաղաքական ու տնտեսական գործառնություններով։ Լիովին կազմալուծվեց Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի գործադիր մարմնի եւ կուսակցության մարզային կոմիտեի աշխատանքը, դադարեցվեց հասարակական կազմակերպությունների գործունեությունը։ Հալածանքներ սկսվեցին Արցախի ազգային շարժման գործիչների եւ մարզի ղեկավարության նկատմամբ[1]։ Տեղի ունեցան զանգվածային ձերբակալություններ, զորքերի կողմից բազմիցս ձեռնարկվեցին խաղաղ բնակչության դեմ ուղղված ահաբեկիչ գործողություններ, որոնց հետեւանքով զոհվեցին մի քանի եւ վիրավորվեցին տասնյակ քաղաքացիներ։
Օգտվելով արտակարգ դրության ստեղծած բարենպաստ պայմաններից եւ զինվորական հրամանատարության բացահայտ աջակցությունից՝ մարզում սկսեցին ակտիվ գործունեություն ծավալել նաեւ ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչները։ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Պոլյանիչկոյի գլխավորությամբ Ստեփանակերտում հաստատվեց նոյեմբերի 28-ի որոշմամբ նախատեսված կազմկոմիտեն, որն իր առջեւ չքողարկված կերպով խնդիր դրեց ներքին զորքերի միջոցով ծնկի բերել արցախահայությանը, ծավալուն շինարարական ձեռնարկումներով հզորացնել Արցախի ադրբեջանաբնակ գյուղերը եւ փոխել մարզի ժողովրդագրական հաշվեկշիռը հօգուտ ադրբեջանցիների։ Չհանդիպելով Կենտրոնի սաստումներին եւ Հայաստանի իշխանությունների միջամտությանը՝ ադրբեջանական կողմը օրեցօր սաստկացրեց իր անօրինական գործունեությունը, որի գագաթնակետը դարձավ Ադրբեջանի պրեզիդենտ Մութալիբովի հրամանագրով Հադրութի շրջխորհրդի եւ կուսշրջկոմի իրավասությունների դադարեցումը։ Գործողությունների լիակատար ազատություն ձեռքբերելու նպատակով ադրբեջանական իշխանությունները՝ ռազմական հրամանատարության աջակցությամբ սկսեցին ավելի սաստկացնել մարզի շրջափակումը եւ իրականացնել նրա բացարձակ մեկուսացումը Հայաստանից՝ ամուր փակելով Գորիս – Լաչին – Ստեփանակերտ ճանապարհը եւ կրճատելով Երեւան – Ստեփանակերտ օդանավային ուղերթերը։
- ↑ «Լիովին կազմալուծվեց․․․ ղեկավարության նկատմամբ» հատվածը չկա տագրում, վերականգնում ենք ըստ ձեռագրի։