Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/104

Այս էջը հաստատված է

սքանչելի փունջ մը, որ երբեք տեսած ըլլար մարդկային աչք մը։ Ծաղի՛կ, ծա՛ղիկ, ծաղի՛կ, Անոնց շատերը աստղերու ցողով ժմնած են, ուրիշներ առհասարակ ասմազուն երկինքին դրացի թևապարներն են մշակեր։ Անուն չունին անոնք, իմ ծաղիկներուս մի՛ փորձեք անուն հարմարցընել։ Անոնք իրենց տեղերնեն վեր առնելու ատենս, մեղուներու հարցուցի, ձայն չի կրցան հանել, անուն մը թիթեռնիկներեն խնդրեցի հասկնալ, ասոնք ալ իրենց քունքերը քերեցին միայն, չենք գիտեր ըսին, միայն թե շատ անգամ մենք մեզմե ամչցեր ենք, երբ անոնց քովերը քիչ մը մեր թևերը լարելու ըղձանքով, ծմակին ծոթրինին ու անանուխին միջնորդության պետքովն ենք սարսռացեր։ Չէ՜, իմ ժողվածներուս, իմ հատ-հատ վեր առած ծաղիկներուս մի՛ տաք անուն։ Կարմիրին, ոսկեշող դեղինին թովանքները թող չի վրիպեցնեն ձեզ ըսել, որ թաղարին վարդն ըլլա ան կամ բոսորը զգլխող շրթունքի մը կամ ձեզի շատ ծանոթ շահպրակը անտառին, ուր անիկա իր շուրջի կանանչ մթությունը օծող ծիվ մը արևի պաշտանքը ունի միայն։

Թողեիք, որ միայն ես գիտնայի ու խղճահարվեի թե՝ ան ատեն, երբ անոնցմով իմ ուզած փունջս ամբողջացուցի ու քիչ մը արտորնոք փախ եկա այն կողմերեն, ետևս ցնորակոծ բույրերու ու գույներու աշխարհք մը լացնելով, ինչե՞ր հասան ականջիս, ի՜նչ ողորմուկ կոծանքներ երկարաձգված ետևես, որ հայտնի ըսել կուզեին, «Ինչո՞ւ խլեցիր, տարիր, մեզ մեր կույս գետիններեն, անոնց ո՞վ կար արժանի քաղաքամեջը, երբ լսված ըլլար, որ մեկը մեզ իր ձեռքը կրելու կամ մեր գեղովն ու գույներովը իր ճակատը պսակավորելու անբիծ մաքրությունով մը ծնած է։ Քաղաքը, գեղը ու հավասարապես խրճիթին ու ապարանքին մեջ, ո՞վ է ան, որուն ո՛րևէ մեկ բարության համար խորհրդավոր գնահատությունը, արմանավոր վարձանքը ըլլա մեր անբաղդատելի ու անստույգ գեղեցկությունը։

Ըսե՜ք, ըսե՜ք, հով կանանչ լեռներեն կուգամ, կարմիր, կապույտ բլրակներու արևեն ու ծմակներեն ժողված ծաղկեփունջով մը կդառնամ աս տարի: Գեղը, քաղաքամեջը, այն կին մարդերու շրջանակը մասնավորապես, ո՞վ ունեիք, ո՞վ կար, ո՞վ ի՛նչ ուներ, որ ձեռքն անոր վրա կարկառեր, ու ես զայն անոր նվիրվելու ատենս, վայրկենապես մոռցած ըլլայի բոլոր տաժանքներս: Թող այսչափն ալ ինծի հանվեր բաժին, որ ես բոլորովին մոռցած ըլլայի իմ հոգնություններս։