Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/108

Այս էջը հաստատված է

կարգվիր կըսեին, ու պզտիկներս ալ անոթի ծարավ իրենց մորը քներգովը կփակեին աչվնին։

Կարգվիր, կըսեին, որ որբերն ալ իրենց ծակտիքը գտնեն, կամ մեկ գերեզման արդեն շատ է անոնց համար։ Մտիկ չըրի սակայն: Գեղեցիկ ալ էի, չեմ ծածկեր, միտքս կուգա, որ իմ դուրս ելլալու կամ ժողվարան երևնալու օրս, հոն երկու հոգի ավելի կաղոթեին։ Զավակներուս սերովը, միայն մոր մը զգացմունքներուն անձնատուր, առի նստա, շահեցի, տունը հարս բերի, տունեն հարսներ խցկեցի՛, բայց ճշմարիտ որ մեկ ցավ, մեկ մտմտուքս հազարներու վերածեցի։ Բաներ ունիմ, որ չեմ կրնար ըսել, ցավեր ունիմ, որ հետս գերեզման պիտի տանիմ վերջապես, թող ան աշխարհքն ալ մեկ ցավ պակաս կարդա ու մեկ պակաս լսե։ Հիմա, քուրի՛կ, կսպասեմ, որ կանթեղին պատրույգը հատնի, ու ես մարած ճրագի մը պես անհետանամ։

Պարիկ.— Քեզի ալ կհամակրիմ, ցաված, մա՛յր, բայց քեզի ալ չպիտի տամ արմաղանս։

Քաղքուհի մը.— Տասնութը՜ քսան տարի է, որ ամուսինիս երեսը չեմ տեսած, ո՛ւր գացեր է, ո՛ր ջուրեր, ո՛ր ցամաքներ, ի՛նչ դրած է միտքը կամ ի՛նչ խղճմտությունով լվացած ձեռքերը, երդում քեզի, որ այսօր ալ չեմ գիտեր։

Տղա մը անկե մնացած մեծացած, հիմա անոր հարս մը բերելու թվականեն, անկե ալ լքված եմ։ Առանձնությունը գերեզմանս եղած է, ու դուրսի աշխարհքն ալ իր արևով, դժոխքի մը ճնշումը կզգացնե հոգիիս։ Խեղճ մը, ժամերը ծանուցված խեղճ մը, ճակատագրի զոհ մը, որ կայրի, կճենճերի ու չի հատնիր։ Քահանային դիմեցի, ձայնս երկնցուցի, մինչև ուր որ կարելի էր երևակայել, ամենքն ալ համբերություն ապսպրեցին։ «Զոր աստուած զուգեաց մարդ մի՛ մեկնեսցէ»։ Աս խոսքով ալ շարունակ լեզվիս վրա դրին խարանը։

Աշխարհք որ այսպես կվարվի հեք կնկան մը խշխշուքներուն հետ, դուք գութ ըրեք գոնե, քուրի՛կ, կըսեն, որ մուրազ տվող հրեշտակ մըն եք, դուք բարի եղիք խոսք մը ըսել, վերքերուս շառայլին վրա, զույգ մը ձեր ծաղիկներուն թերթերեն, բալասանի մը ազդեցությունը պիտի ընե կըսեն, գո՛ւթ ըրեք։

Պարիկ.— Սխալ հասկցեր ես իմ պաշտոնս, վշտահար մայր, քեզի արցունքս միայն, բայց ո՛չ ծաղիկս, առայժմ դուն ալ մեկ կողմ։