Քաղքուհի մը.— Ես շատ խոսված քաղքենուհի մըն եմ, մաքրասերի գովված համբավ մը ունիմ։ Տնաշեն կնկա իմ մաքրասիրությունը իմ եզական առաքինությունս եղած է ու կմնամ միշտ այն, որ իմ շուրջիններս զիս օրինակելու խելքը ընեն։ Աղվոր կհագվիմ, շատ պարզ է հագուստս, կուրծքիս մեկ մանյակ միայն, ձեռքերուս զույգ ապարանջան միայն։ Տունեն դուրս չեմ ելլար, իրիկունները էրիկս երևնալու ատեն միշտ զվարթ գգվանքով մը բարևեր եմ։ Ասոր ալ ինչ կսեիք։
Պարիկ.— Պարտականություն մըն ես կատարեր, տիկի՛ն, ուրիշ ոչի՛նչ։
Ուրիշ մը.– Շատ պատեհություն ներկայացավ ինծի ու ես երբեք անձնատուր չուզեցի ըլլալ իմ շուրջիններուս։ Ամուսինս երկու ոտքով հավ մ’ալ շարժելով մեկ տեղ, ես նորեն փորձությունը չունեցա ան իմ քովերս թևածող որիներուն դին նայել, որոնք քիչ բան ալ չխոստացան կըսեմ։ Ոսկին համբույրի մը փոխարեն ու ադամանդ հենց ժպիտի մը գին առաջարկելու սակարկությունն ալ կդյուրացնեին։ Ըսեք թե՝ տեսակ մըն ալ առաքինություն իմինիս չէ՞ որ անդրդվելի, անտեղիտալի կմնամ մինչև այսօր։
Պարիկ.— Դուն սո՛ւտ կխոսիս, խաթո՛ւն, դուն քու վարձատրությունդ խիղճեդ սպասե։
Ուրիշ մը.— Իրիցկին մըն եմ, աղջկությանս ատեն սիրուն նունուֆար մըն էի, կարգվելիս վերջն ալ, է՜հ, բան չի կորսնցուցի ըսեմ։ Էրիկս պարզուկ համետագործ մը, հետո քահանա ձեռնադրեցին, բայց իրավ է, որ բանիկ չէր գիտեր, ու ասի պատճառ մնաց որ ժողովուրդին մեծը պզտիկը տերտերուկիս մորուքեն, մազերեն ամեն օր մեյմեկ թել քաշեր։
Քաշեցին, քաշքշեցին, մինչև շատ անգամ երեսներն ալ ճանկելու փորձեր ըրին։ Անիրավ մարդիկ, որ բնավ վազ չեկան իրենց հարձակումներեն։
Տերտերուկս չդիմացավ ցավին, փետտած հավ դարձուցին, ո՞րն ըսեի, քո՛ւրուկ, խեղճ մարդուկս ախր աս նախատինքներով մեռավ, զիս ետևը թողելով, որ ես ամեն օր մեռնիմ։ Բայց դուն ալ տես ու վկա եղիր, որ ես դեռ ծախելու միս ունիմ, դեռ թարմ, հերվնեկ հարս մ’ըսել եմ, ինչո՞ւ առնեմ, նստիմ, ինչո՞ւ չի կարգվիմ անգամ մ’ալ։ Աշխարհականը քեզ չառներ, կըսեն, ան իրիցկինը մեռած քահանան ալ մեղք կսեպե առնել, բայց ան քահանան է, որ ամեն ինծի հանդիպելուն, ժամը, ճամփան, ամեն տեղ, չեմ կրնար