Այաին[1], շալն ու չիթերը վրանին առած։ Այս փնտռտուքներով կուշանար երբեմն ու քնացող ան պզտիկ ստահակներուն հասցեին բաներ մը դրդրալով մեկտեղ՝ ատ իսկ պահուն նորեն անոնց անկողիներուն կողմը ձեռք մը կերկնցներ, բացվածք մը կծածկեր ու ճամփա կիյնար։ Այս սովորությունը միշտ դեպի եկեղեցի, ու այսչափ կանուխ, գեղեն բերած էր օր մը ու քաղքին մեջ ալ պահել չէր մոռնար նույնիսկ, եթե ան առավոտը կանուխ՝ երկինքեն երկիր՝ ալ փլած «արքայության» մը գուժը լսեր։
Ան ատեն, ուր ինք արդեն հեռացած կըլլար դեպի աղոթարան, ես ու իմիններս բոլոր, որ իրենն ալ էին, ան հավատքը ունեինք թե՝ նա հարկավ մեր կողմեն ալ կաղոթե, կամ իր առաջին աղոթքը անպատճառ իր տունին կամ տնեցիներուն համար, արևշատ կյանքի մը խնդրանքովը կվերջացնե՝ կըսեինք, մենք դեռ քիչ մըն ալ կքնանայինք։
Բայց՝ պահե մը վերջ ահա, ժամեն դարձած՝ ալ հեշտ չէինք կրնար տեր մնալ մեր բարձերուն, ցասկոտ մեղադրանքներ մը կթափեր վրանիս, որ ատեն ես զիս իմ հինգ-վեց տարեկանի վախերուս մեջ կզգայի, որ մորս սաստող ձայնը կփշրվեր ականջիս մեջ, «Մարդ մը, որ իր օրը աղոթքով չսկսի, կըսեր, ինչո՞ւ կուգա, ի՞նչ բանի կհուսա տիրանալ ա՛ն օրը, ա՛ն ցորեկը ու ամբողջ կյանքին մեջ»։
Ցավ կըներ ու միշտ անոր համար մասնավորապես, որ պզտիկներն իրեն գլուխը ծռելու ծույլի անտարբերություններ կցուցնեին, աղոթք չէին ըներ, ու կվախնար կարծես, որ մեր տունեն ու մեզնե բոլորես քեն ընող աստծո մը վրեժխնդիր բարկության դեմ մնանք օր մը չէ օր մը։
Բայց վստահ էի, թե ինք անտարակույս մեր ամբարիշտ թերացումներուն համար ալ իր աստվածին գթությունը խնդրելու սուրբե մ’ավելի բարեխոս անկեղծությունը անի՝ այնպես ու այն տեսակ մաքուր հոգիով մը, որուն պես մայր մը կունենա վստահաբար, մայր մը՝ իմ պաշտելի մորս անձնվիրությունով, որ իր զավկին բաժին հանված դժոխքը, բոլոր իր արհավիրքներուն ամբողջությամբը, սիրով պիտի ուզեր, որ իրեն վիճակված երջանիկ հավիտենականության մը հետ փոխեր անմիջապես։
Անոր անձնվիրության չափը այլապես չէի կրնար բացատրել ու ըսի, որ նա արդեն իր ողջ կարծված կյանքին մեջ ալ շատ
- ↑ Պզտիկները աս անունով կկանչեին զինք: