Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/114

Այս էջը հաստատված է

ապացույցներ տվավ թե՝ ինք իր զավակներուն սիրուն համար քսան-երեսուն տարիներ առաջ արդեն սկսած էր մեռնիլ ու վերջապես հինգ-վեց ամիս առաջ ալ բոլորովին փակեց իր աչքերը հոգնած, հատած իր վերջին ուժերուն անէացումովը։

Հիմա հինգ-վեց ամիս եղավ, որ ալ չեմ տեսներ զինքը, բայց անկե ի վեր վայրկյան մըն ալ չեմ մոռցեր զինքը, չեմ մոռցեր ոչ իսկ մեկ վանկը իր մեղրիկ բառերուն․ իր աղոթքին բանաձևն ալ միտքս է։ Այս աղոթքը պզտիկ Զավենիս սորվեցնելու ջանք մը կըներ ան ատեն, ուր անոր ու մյուսներուն համար իր գիտցածներեն սիրունիկ հեքիաթ մը կվերջացներ։

Մորս աղոթքն ալ կհիշեմ, այո՛, ինչպես անոր անձայն առաքինությունները կհիշեի, որոնց միայն մեկան պատմությունը, օր մը, այնքան եզական ու լուսավոր վկայություն մը պիտի մշտնջենավորեր թե՝ գեղի Հայ կինն ալ ինչ ունի երբեմն, որ աշխարհք չգիտեր, աշխարհք տակավին հասկցած չըլլար անոր այն բյուրեղիկ հայացքեն ու բարությունեն, որ կմտածես թե՝ անկասկած՝ ավուր կրոնքեն ու ներշնչումներեն ալ շատ առաջ տեղ առած ըլլան անոր հստակ ու ջինջ խորքը կուրծքին, որ գուրսեն շատ անգամ սևաներկ քուրջերու կտորվանքներով ծածկված է։

«Տե՛ր, բարի՛ լոս, բարի՛ Քրիստոս, չարը տանիս, բարին բերես, աշխարհի խաղաղություն, թագավորաց հաշտություն պարգևես։ Դուն կամի կարողն ես (կամք ընող ու կրցողն ես), աստված, կապուտիկ աստված, կարճ գիշեր, երկայն ցորեկ, կարճ լաց, երկայն խնդուք, կարճ նեղություն, երկայն հանգիստ, կարճ աղքատություն, երկայն վայելք, դուն ի՞նչ բանի կարող չես, որ չի տաս։ Լեռները քեզնե կգողան, երկինք, գետինք քու ահեդ կսասանին, բարի՛ լոս, բարի՛ Քրիստոս, քու լոս երեսիդ ղուրպան, հավատոքս հավատամ քեզի, երեսանկյալ կերկրպագեմ, զավակներուս հոգուն առողջություն, բանին, գործերուն ալ հաջողթյուն տուր, մուխեննեթին մախթաջ չընես, ինծի ալ բարի մահ մը ու շեն արքայություն մը պարգևես, մեր մեղքերովը մի պատժեր, մեր ննջեցյալներուն հոգեստընուն համար ալ մեր աղոթքն ու խնդրվածքը մի՛ մերժեր, քեզի ինք ապավիներ Տե՛ր, բարի՛ լոս, բարի՛ աստված, և այլն, և այլն…»։

Ու վերջին մըն ալ իր երեսը խաչակնքելով «Հայր մերը» վերջին ըսելիքը կպահեր ու լմնցած կըլլար աղոթքը։

Անկե վերջ, պզտիկներն իր բոլորտիքը առած՝ երբ ժամեն