մեզ հուսահատ սպասանքի մը մեջ սգավորներ կպահես, բայց դուն այսչափ երկար չէիր քնանար, Մա՛յր, դուն աքաղաղին ճիչովը ընդոստ արթնցող մը, հիմա ամպերը կպոռան ականջիդ ու բնավ չես շարժիր, վեր չես առներ գլուխդ, աղոթքի չես վազեր, երազներդ իրականություն թե ինչ, չես հայտներ մեզի… ու կզարմանամ թե՝ ինչպե՞ս կրնաս համբերել։
Այսչափ երկար ու խորունկ քուն քնանալով, մինչև հիմա աջխարհք մը ըսելիք կկախեիր շրթունքեդ. թզուկ գիշերի մը կյանքեն ամենքն ալ, հիմա ի՞նչ պիտի կրնայիր խոսիլ ան մեծ գիշերին կողքեն, անոր սոսկալի ու խավարակուլ աչքերեն, ուր մտար ու մարեցիր ճրագը ետևեդ։
Առաջին օրը ինչպե՞ս ճամփորդեցիր, որո՞ւ հանդիպեցար, ո՞ւր ըրիր հանգիստի վայրկենային դադարդ, դուն, որ արդեն շունչեդ կկանչեիր։
Այն պահուն, ուր հողն ու քարը բուռ-բուռ քու մարմինդ խփող սնտուկին վրա թափվելով՝ գոռ թնդյուն մը կլեցներ գերեզմանդ, ի՞նչ խորհեցար արդյոք, հեք Մայր, մեղավոր հնդկուհի՞ մը կթաղեն ըսիր, թե՝ մարդիկ մահվան վրեժը կառնեն այնպես հողին տակ քեզ՝ քու մարմինդ ծեծելով։
Դուն սակայն զգացի՞ր անոնք, անդրադարձա՞ր այն եղածներուն, երդում քեզի, որ ես ավազահատ մըն ալ չնետեցի վրադ, այդպես թող ձեռքս փրթեր, Մայր, թող այդ տեսակ հիմար սովորության մը համակերպությունով աջ ձեռքես, աջ աչքես զրկվեի։ Քարերը, հողերը քու կուրծքիդ նետված, իմ գլուխս կիյնային արդեն, գերեզմանիդ քովեն դեպի տուն ես արդեն ճշմարիտ մեռել մը դարձա։ Առաջին մուտքը դժվար քայլափոխ մըն է եղեր կըսեն, հոգիս աս կողմեն այն կողմը սավառնող հրեշտակներն ալ անխուսափելի այդ դժվարություններեն պիտի անցնին եղեր անպատճառ, հոգ մի՛ ըներ։ Դուն միայն հիմա ըսելու եղիր թե՝ ի՛նչ տեսար այդ մուտքի դուռնեն անգին, գտա՞ր, համբուրեցի՞ր այն քուկիններդ, որոնց կփափագեիր հենց թերաստվերը տեսնել։
Հայրս ո՞ւր կմնար արդյոք, չտե՞սար, չի բարևեցի՞ր, չսի՞ր, թե երեսիս վրա իր զարկած ապտակներուն տեղը հիմա աղեբեկ մորուք մը կշփե տղադ, ան ատեն, որ անել ու թընճկոտ խորհուրդ մը կճմռթկե իր միտքին մեջ։
Ես ալ ո՞ր ճամփով գայի, որ շիտակ քեզի հասնեի, հոն ալ մեկտեղ ապրեինք, առանց քու ներկայությանդ, ինծի համար այդ