Այս էջը հաստատված է

Բամպքաղի շաբաթն է հիմա, միտքս կուգա, որ այս Բուիկ Տետեն ինքն ալ կարկտնուկ տարուկ մը ուսն ի վար ձգած, գեղին աս կամ ան կողմը քաղի ելլող բազմության մեջ կերևար։ Կերթար, կերևար, կաղակուրտեր, բայց շիտակ չէ՞ որ դժբախտ ծնած մարդը, ուր ալ երթա, կակուղ բամպակին արտի մեջ ալ, հոն նորեն իրեն համար կակուղը, փափուկը, անուշ խոսքին ու ընդունելության փշուրը գոնե բաժին չի հանվիր։

Ծերունին մյուս կենճ քաղվորներուն հետ ատենին տեղ չի կրնար ժմնիլ, գործի գլուխը ուշ հասնողն է, այդ պատճառով ու անոնցմով ալ իր խոզան խճեճեն չի կրնար զատել կըսեն, շատ դանղաղ կշարժի կամ բնավ չի բանիր ու հաճախ արգելք մըն ալ մյուս բանվորներուն, իր երկար անվերջ հեքիաթներովը, որ՝ արևցըթուն կսկսի ու իրիկունը՝ արևմտուն դեռ ծայրը չի հանկուրցեր։ Հարս, աղջիկ, մեջկնիկներն ալ բերվընին բաց իրեն մտիկ կընեն, ասոնք իրիկունը, ծյուրած երեսով, մազը գլխուն, թամ ճենեկ կուզեն։ Սանկ շարք մը ահա պատճառներ, որով ո՛ւր երթա, ո՛ր հողտերի ալ դիմե, մարդով, միջնորդով մուտք խնդրե արտին մեջ, կքշեն կքշբեն ինչպես չղլած եզ մը, որ ջրբոսին կանանչը կավրե։

Անցած ամառը, չեմ հիշեր ո՛ր օր, ոտքս անգամ մըն ալ այն գեղը կիյնա. ս. Դավիթ բժիշկ սուրբ մըն է այդ գեղին մեջ, փոքրիկ Զավենս անոր ոտքը տարած էի որ հազեն դադրի: Կիսափուլ պատին մը տակ, այնտեղ, գզված մազերով ճմռթկված տղեկ մը, ալքերեն փոխված թե՝ շվոտեն ծեծված, աչքիս կհանդիպի, որ բայ ու փետատ ձեռքը կտոր-կտոր բաներ մը կհանե հողեն ու խաղողի մեծկակ կթոցի մը մեջ կտեղավորե։

Տղեկը անտարբեր իր ըրածին, ոչ իսկ աճապարողի երևույթով, կթոցը լեցնելուն կհայի: Ի՞նչ է ատ, կըսեմ, տղա՛, ի՞նչ է կընես, միևնույն անտարբեր արտահայտությունով: Տետեիս մարմինն է, կպատասխանե, պատը փլավ, տակը մնաց, աս աղբերուն մեջ, պահ մըն ալ տանիմ, որ գերեզմնոցը պառկի:

Ու ծերունիին այս մոռցված թոռնիկը իր ամբողջ տետեին սակառին մեջ զետեղելով՝ կշալկե զայն թեթև տոպրակի մը պես,