Այս էջը հաստատված է

օ՜ֆ մի միայն ու մոտ ճամփե մը գերեզմանին դին կանցնի։ Բուիկ՝ դժբախտ ծնած արդեն, կհավատայի՞ք, որ անոր վերջին տեղը գոնե երջանիկ հանգստարան մը ըլլար:

ՏԱՆԻՔԻՆ ԱՂՋԻԿԸ
(Հովվերգություն)

Արևը Խաչո-Մելիքենց բլուրն ի վար արագ-արագ իր մուտքը կերթա: Ծղիթները ասկե անկե վերահաս գիշերին սուգը եղերերգելու անսիրտ սկսվածք մը կընեն։ Իրիկուն կպոռա աքաղաղը, ժամկոչն ալ իր փայտե կոչնակին բութ թիկթակովը կլոր-կլոր իրկուն «կձենե»։

Ծառաստանին շուքը պարուրած է արդեն հունա արագիլին ալ թառը, որ կիսավեր տունի մը ծխանին կատարիքը շիներ է։ Արագիլին բույնը, երբեմն ի վեր է, ինք չիկա հոն, ու անտեր բույնը շաղփաղփ ճնճղուկներուն հով, հանգիստ զբոսավայր մը կմնա:

Քիչ մը ետքը, ցորեկի ամայությունը կյանքոտ ժխորի մը տեղ կուտա, նախիրին գոռում գոչումը պիտի սկսի։ Նոր ծնածները խաղալեն խեղկտալեն իրենց մայրերը պիտի դիմավորեն, հորթը, ուլը, գառնուկը, ուռուցիկ, կաթնածոր ուրերու վրա պիծակներու պես պիտի փակչտին։ Ուրերը ուռուցիկ ու կաթով լեցուն, զմրուխտ սեպերուն հետ վայրի բաղեղին ու խնձոր խլորեկներուն անուշ հյութովը շենցած են:

Բակին տեսարանը, ոչխարներու բակին եռուզեռը, այն պահուն, երբ մայրերն ու ձագտիքը կարոտցած հանկարծ կգտնեն իրար։

Անդին ծերուկ մաման բո՛ւֆ-բո՛ւֆ փիլավին կրակը կհրահրե. ծխաններեն վեր մուխերուն ծառ-ծառ վերելքն ու կազմած ճյուղերը, այնչափ մոտը կանանչ ծառաստանին, կապույտ ծառներով, կապույտ անտառի մը պատրանքը կուտան։

Բանվոր տղաքր, հարսները հոգնածի, նազոտ կոտրտուքներով, իրենց մեծերեն դիժար, իրավացի պահանջներ մը կընեն: Պահանջներ, կատակներ ու պզտիկ հարսին անճրկությունը անկարող հեգնությունները շաչող ծիծաղներով ընդմիջված, երկինքեն անցնող ճուռակներուն