մը վրա ակռա չի կրնալով բանացնել, անոր հետ չամուսնանալու շատ մը բարդ պատճառներ կունենան եղեր, գոնե ինչպես իրենց գրածներեն կիմացվի, գրեթե միշտ անոնք են կամ անանկներու մեջեն այն ծեր երիտասարդն է մանավանդ, որ գործավորի իր հաշմած մարմնին դիմացկուն հենակ մը ապահով ըլլալու համար, որ քիչ մըն ալ գիտցված սիրուն ձուկ մը ըլլար, խելք կընե, անկե հոս մինչև, ոսկի կարթ մը կնետե, կարթ մը ոսկիե, անով շատ անգամ կհաջողի ճիշտ իր ուզածին ու նշան ըրածին հոգիեն բռնած ըլլալ, եթե սակայն կարող զայն մինչև վերջը իր ձեռքին մեջ կամ իր բարձին վրա պահել։
Խոսքս վեպի մը ստվերոտ մթամածութենեն ազատ պահելու համար կստիպվեի հոս քիչ մը կանգ առնել: Ամերիկայեն Խարբերդ նշանվիլ ուզողը հոս իր ծնողքին, թե չուներ այս, իր ազգական ծանոթներեն մեկուն անունին կարևոր գումար մը հանելով, ճամփու ու նշանտուքի ծախսերուն օգտելու չափ գումար մը – կարտոներ զայն, որ բնավայրին թարմագեղ կուսություններեն հատի մը փնտռտուքն ըներ, ու անոր հետ օր առաջ ճամփա իյնար, եթե ինք չէր կրնար երթալ, ուրիշի մը հետ խրկեր ան բռնված ձկնիկը։ Ուզածին պես, ուզածեն ալ ավելի։ Հավնվելիք հարսնացուն աս տունը եթե չկար, ան դռան ետևը անպատճառ երկուքը, երեքը մեկտեղ կգտնվեին: Բաղնիքը, եկեղեցին, որբանոցները, աղջկա պես ապրանքի մը ճոխ ցուցադրավայրերը, հազարներ կային, որ հովիտներու շուշանի պես ծաղկեր են ու այսօր վաղը դաշտի կակաչներուն պես պիտի խամրեին։ Մեկ օրեն մյուսը՝ ուշ ալ չպիտի մնար բանը, դուռ մը կբացվի, աղջկա խնդրակը՝ կին մը, կամ կնկան հետ էրիկ մըն ալ ներս կմտնեն. բազմոցի վերին անկյունը անոնց տեղ կցուցվի, ընդունելության պայմանագրական կետերեն բան մը չպիտի մոռցվեր: Մարդիկը առեր ու նստեր են, անոնց հետևը խնձոր ալ խրկվեր, չէին գար, հարգանքի իմաստով աս փաղաքուշ խոսքն ալ տանտիրուհիին առաջին խոսքը կըլլա։ Ան օրը դեմինին հետ բանակցությունը որոշ գույնի մը մեջ ապահովելու համար, տղուն կողմե այն կնիկը՝ մայր կամ ազգականուհի, անանկ ալ անուշ շառլաթանություններ կստեղծեն ու կարժեցնեն, որ օձը ծակեն դուրս քաշելու չափ հզոր հմայք մը կունենան։ Տղան հոն լորտ մըն է եզեր, աղան հոն շաբաթը այն ինչ չափով վաստակող մը, շատ հարուստներ աղջիկնին վրան կձգեն եղեր, բայց ինք հարյուրներուն մեջ մեկ հատիկ խելացին, անոնց բոլորը մերժելու խոսքով, իր ուզածը