Այս էջը հաստատված է

ետևը չուզենք հայիլ։ Աղեկ խորհեցեք, սիրելի՛ներ, խելքերնիդ գլխնիդ բերելու համար: Վաղին ու մյուս օրվան մի՛ հայիք, վստահ եղեք անկասկած, թե մեկին տեղը հարյուրապատիկ, միույն փոխաբեն հազարապատիկ պիտի ընդունեք։ Դուք գիտեք թե՝ գավաթ մը պաղ ջուրին ալ փոխարինությունը կա: Այսօր ահա մեր լումաները մեկ տեղելու համար օրն է, տոնի օր մըն է այսօր. ձեր տվածները պարապը չպիտի երթան, ու նորեն ուրիշ ճամփով մը ձեզի պիտի դառնան. ամեն մարդ իր կարյաց չափովը թող մեյմեկ բան գրվի եկեղեցիին ու դպրոցին համար, դրամ, բամպակ, ցորեն, ձեթ, եզ, գինի, գարի, ինչ որ կրնար, ինչ չափ որ կուզեր: Տարիին մեջ արդեն շատ պատեհություն չի ներկայանար սանկ հավաքական ընծայաբերություն մը ընելու, հիմա ահա ձեզ տեսնեմ, սիրելիներ, տղաներ, հացալից քեհյաններ ու բարեպաշտուհի տանտիկիններ, խաթուն քույրեր ու ժամասեր մամիկներ, դուք ալ հիմա ցույց տվեք, թե բաբին կսիրեք, ժամ, դպրոց կսիրեք, շեն սրտով մը բերվընիդ բացեք։

(Լռություն, ձայն չելլեր վայրկյան մը)։

Քահանան.— Օրհնյալ ըլլաք, Դավթի օրհնությունը ըլլի վրանիդ:

(Նորեն լռություն)։

Քահանան.— Դե՛հ, սիրելիներս, ձայն հանեցեք, ժամանակ չիկա երկար բարակ մտմտալու, գանձեցեք գանձ ձեր հերկինս կըսեք ավուրք մեր անցանեն որպես խոտ տանյաց, ըսած է Սաղմոսերգուն։

(Նույն անխոսությունը ժողովուրդին կողմեն)։

Քահանան.— (Հորանջելով մը ձեռքերը կճմռթկե)։ Զի՞նչ օգուտ է զաշխարհս շահիլ ու գանձն յուր տուժել, մի՛ մտածեք, մի՛ վարանիք, սիրելիներս, վաղը միայն երեք արշուն կտավ պիտի տանիք հետերնիդ։

(Ժողովուրդեն կսկսին պատասխանել)

Ա. — Երեք օխա ձեթ ինծիս գրե, տեր պապա՛։

Քահանան.— Օրհնյալ ըլլա, ձեթ և ճրագ ո՛չ պակասեսցի ի տանեն քումե։

Բ.— Լիր մը բամպակ, տերտրամու։

Քահանա.— Բերան քու որպես բամպակ՝ կըսե, օրհնյալ ըլլիս, վարձս Նեեմա առցես։

Գ.— Յոթն ու կես մայրուք փարա ինծիս գրե, տե՛ր պապա: