մնար, Զաքա՛ր, տետիմ տեմետիմ, պե հերի՛ֆ, մարդ մարդու հալե չի հասկնար, կես գիշերուն ժամ կկանչե:
Ժամկոչը հուսահատ, այս վերջինեն ալ բաժնվելով, ալ ուրիշ դուռ մը չի զարներ, կերթա զինք զրկողներուն քովը, հանդիպածներուն տրամադրությունը կպարզե, անոնց հայտնելով նաև, որ ա՛լ երկրորդ անգամի մը համար ինք չպիտի ուզեր գրվածները հավաքելու ելլել։
1905
Իմ դրացիներս: Անոնցմե այս անգամ ներկայանային ծերուկ դարբին մը պիտի ըլլար, շատ թիփիք դեմք մը, ու կապրի տակավին: Ես եկա, ծերացա, մազ մորուք ճերմկցուցի, ու կամաց-կամաց դագաղիս ծայրերը կտեսնեմ։ Պեյրոս աղբար կապրի բայց, ու որոշեր է կարծես, որ ինք մնա, միշտ մնա իր մումիայի կյանքովը ու վաղը անհետացած սերունդի մը հետին շառավիղը ինքը ըլլա վերջապես:
Ութսուն տարիներու հովեր անցեր են վրայեն, բայց նա այն մարդը ութ տարեկաննոցի մը շենշող զվարթությունը կպահե, որ կրնա, երբ գործի չերթա, հունա քիչ մըն ալ լերան թիթեռնիկներուն հետ խաղալ։
Երկայն, շիփ-շիտակ հասակ մը ունի, ծուռ՝ ծռած ոչ մեկ կողմ, ոչ մեկ խոթություն։ Ծոծրակեն մինչև կրունկները որմնադիրի կապարալար մըն ալ կախվի, տեղ չպիտի դպնա չվանը, որևէ ցցվածք, կորություն արգելք մը չէ ուղիղ գծին:
Կանգուն հասակի մը վրա միշտ տինճ գլուխ մը կբռնե, աչքերը առանց ակնոցի կրնան ասեղին ծակին հետ անոր ծայրն ալ տեսնել: Գլխուն սև մազերն ու պեխը դեռ անոնք են ապահովապես, որ այնինչ տարիքին, այնինչ օրը, այնինչ աղվոր օրը իր նշանածին առջևեն ժամը պսակվելու կերթար:
Բուն Խարբերդցին է Պեյրոս աղբարը. աշխարհք ձև փոխեց,