աչքին տակ, անմիջապես ակնարկ մը կընե փքոցը քաշող աշկերտին, որ թափը ուժգնացնե. «Ժի՛ր տղա, ժի՛ր, ժի՛ր, բաց, խրե՛, ոտքերդ մեկ կողմ մի՛ ծռեր, թևերդ ալ զույգ գործածե»։ Ասոր հետևանքն ալն, որ հնոցին մեջեն, քովերեն, փոշիի ու կայծերու հորգում մը դուրս կպոռթկա, ուսկե հնոցին քովը ու աչքերը շեշտ պողպատին կտորին վրա պահող գյուղացին մեկդի կփախի, ու դարբինը հեշտ պատեհություն մը կունենա այն կտորը, 20-40 փարա արժող պողպատի ծայր մը, ածուխին մեջ անհայտացնելով, սոսկ եռցած խոփը ծեծելու։ Հաճախորդը ոչինչ կգիտնա եղածեն․ վարպետը անոր վրա ափ մը մոխիր սրսկած, շուտով մուրճին տակ ձգած կըլլա արդեն։
Պեյրոս աղբար այս կերպերն ալ իր տղաքներու հրիտակելով մեկտեղ, դեռ շատ ուրիշներ ալ անշուշտ, նորեն առտըվա-իրիկվա ճաշը առանց խաթեի կերած է ու կուտե։ Զատիկի առավոտուն ալ նույն հին ապայովը իջած եկեղեցի, հագուստի մաս մը, որ ասկե 40-50 տարի առաջ ապրող գյուղացին կկրեր։
Բայց դեռ աս չէր, հոս անմիջապես չէր վերջանար անոր դժբախտությունը։ Մեծ տղան չորս հասուկ աղջիկ ունի, որ կրնան ըսել, թե արևն ուսկե կելլե և ուր կխաղա չեն գիտեր։ Միշտ տանն են, տունեն չեն կրնար զատվիլ, ավելն ու ճառուտը ձեռքե չեն ձգեր, ու շարունակ տունին երեսեն աղտեղության մը կստըկեն, որ հավն ու ձագը կթողուն ետևնին։ Երկու աքաղաղ բակին մեջ հավերու մեծ բազմաթյուն մը կշահին, ու ան իրենց մյուս ցեղակիցը սակայն Խորոզ Գոգոն. հատն մըն ալ չի պահեր։
Աղջիկները աղտեղության տեսակ մըն ալ մյուս երկու մանչերուն ետևեն կվերցնեն, որոնց մեծն ալ, պզտիկն ալ համր ծնած են։ Մեծը 18-19 տարեկան ճիվաղ մըն է, սոսկալի ցուցանք մը իր բոլոր ամբողջության մեջ, որ եթե երբեք պահ մը դուռը բաց կամ ինքզինքը վայրկյան մը թույլատրված գտնե, ա՛լ կարելի չըլլար բռնել, կփախի ինչպես ողջ թաղված մը գերեզմանեն կփախի ու հետապնդողին ձեռքը հեշտ ալ չիյնար։ Պզտիկ համրը առայժմ դեռ գետինին երեսեն սողալու տարիք մը ունի։ Աս երկուքն ալ արտակարգ ճաշակով հափհափողներ, առջևնին ինչ-որ նետվի, հացի կտոր, ու նույն ատեն կաշիի, թիթեղի ու ապակիի կտորներ ալ, շաքարի կտորի մը պես կծամեն ու կոռնան, կճչեն ինչպես հեքիաթին դևերը կընեն իրենց մեկ ախորժած ճաշին վրա։