«Պահելով հավատքը ձեր և մեր օրհնյալ նախնիքներուն շատ և շատ բարությանց պիտոր արժանավորիք, շատ հաճելին կընեք բարվույն աստծու առջև, ու ես ալ վստահ է վկայություն սրբոց և բարեխոսությամբ սուրբ աստվածածնի՝ որ միշտ առատս պիտոր վայելեք, օրհնած սիրելինե՛ր, մեկ ցանելու ատեննիդ, երկուք պիտի քաղեք, մեկ խորով երաշտ առապարները պիտոր շենցնեք, ձեր անծինը ծնի, ձեր ամուլը բեղմնավորի, մահ մահտարաժամը վերնա, օրհնյալ եք և օրհնյալ լերուք, ամեն»։
Ամե՜ն, ամե՜ն, ամե՜ն… խեղդ մռունչներով տարտամ շշուկ մը վայրկենապես ու ոչինչ ավելի։ Ունկնդիրներու կողմեն քիչերն են, որ ան ամեններուն արձագանքող կըլլան, շատեր ատ պահուն կամ բոլոր ժամանակը քարոզին, ձանձրացածի հորանջումներով բերվնին կլորցնելու վիճակի մը մեջ, անբան հոգի մը կքնացնեն մեջերնին, այն կողմեն մաղասոտ հազ մը կպայթի ու առհասարակ ամեն կողմ խոշոր կարմրահատ համրիչներու շխշխկոցը կլեցնե, քանիներ անդին խածնող լուներուն ևլն. փնտռտուքն ու քերվըտուքները կընեն հուսահատ մռթմռթուկներով, մինչ ուրիշներ՝ քիչ մը անամոթները թերևս, այն պահուն, որ քարոզիչը ձեռքը ձեղունին դեպի երկինք, հոն հավիտենականը ապրող երջանիկ երևայնություններու վրա կկերկերցնե ձայնը, իրենք կերևա ավելի մոտը, նախանձելի երջանկություններու, այն տարփոտ աղավնիներուն ըրածներովը կհետաքրքրվին, որոնք հոն եկեղեցիին կամարները միացնող երկաթ ձողերուն վրա տեղ գտած՝ կտուց-կտուցի մեջ իրարու փոխանակած համբույրներովը կգինովնան ու վարերը հեթանոս գայթակղության մը մեղծ շունչը կսրսկեն փետուրներու դարձդարձիկ ծվեններու մը հետ, որ կատաղի սերերու հով փրփուրները պիտի ըլլան ապահովաբար։
Կվերջանան քարոզ, պաշտամունք, ժողովուրդը համ մը չի տանիր հետը լսածներեն, որոնցմե որ կրած տպավորությունը աղի, լեղի, քայլ մը անդին հովերուն կցանցնե։
Ժամեն դուրս ու անկե առաջ պահ մը ժամուն մեջ ալ, անանուն հասցեներու հայհուչները կնետվին ու գրեթե ամենքն են, որ ձեռքերու խաղալիքը կորսնցնող պզտիկներուն խոժոռ մռուղը ունին։ Այնպես կերևա, որ անոնք իրարու հետ ալ չեն խոսիր, ամեն մարդ օձիքն ականջին հասցուցած իր ոտքին բթամատինը կնայի միայն։
Շատեր արդեն քահանային կուրծքին վրա համբուրելու բռնված