Այս էջը հաստատված է

կողմ տարածվող աղտեղությունը, գույներու ամբողջությամբ։ Քուրջերով մարմինը պարուրած լեռնցին իր հոգնութենեն տատանող իշուկին առաջքը ձեռքը սիկառ մը՝ կծխե. սիկառը՝ դաստակի հաստությամբ՝ ծխնելույզի մուխին առատությամբ ամպ մը կշինե չորս բոլորքը, ապուշ դեմք մը. հուղկահարի աչքեր, աչքեր, որ լեռան վրա հեռավորն ու աննշմարելին նայելու վարժությամբ՝ նույն դիրքին մեջ պաղած կարծես, վար չեն կրնար նայիլ, միշտ դեմ ու հորիզոնական ուղղությամբ։ Ջուր չի կա. եղածը օդին հավասար տաք, անոր չափ ապականյալ ու լպրծուն է, կզգաս, թե շողիքի պես բանի մը բաղադրությունը կա մեջը։ Քանի անգամ ձյունով զով գավաթ մը խմելու փորձն եղավ, որդերը ձեռքով դարս կնետեինք, ու ձեռք մը ձյուն 40 փարա։

Շարունակե՞մ։ Հեռո՞ւ, հեռո՛ւ, տեղ մը կաղաչեմ, ուր հացի պես սնունդն ալ մոռնալով բավականանանք սոսկ շնչելով օդին մաքրությունը, նոսր, վճիտ, որ քիթ չսոսկացնե, որմե չպտուտքի գլուխդ։ Այդ պղծությանց մեջ վարդն ալ վար պիտի նետես ձեռքեդ։ Ո՞ւր կա փնտռածնիս։ Ծանոթ մը մեզի ս. Սահակ եկեղեցիին բակը կառաջնորդե, իրավ որ բավական բարձրադիր ու հովասուն։ Պզտիկ դռնե մը ժամուն բակը կանցնինք։ Այդտեղ անմիջապես եկեղեցիին դրան սեմին քով երկու քահանա նստած են դեմ-դիմաց, երկու ալ գդալ ձեռվնին՝ քացախ կխմեն, վարունգի և սխտորի խառնուրդով զովացուցիչ մը։

Կամաց-կամաց հին ու նորը իրար խառնելով՝ ժամի մը չափ մեր անուշ խոսակցության հյուսք մը շինեցինք։ Կարծեմ այստեղ էր, որ լսվեցավ, թե վարժապետին մեկը պահքը կերած է աշակերտներուն առջև, շատ կխմե, շատ կծխե,— վարժապետ է, ուզածնիս դնենք վրան— շատ կքնանա, շատ կլվացվի։ Է՞հ, վերջապես այդ բոլոր մեղքերը Պատրիարքարան տեղեկագրվելով՝ անկե հրաման կուգա, որ անմիջապես զարժանն տնօրինեն, դուրս ձգեն անպիտանը և նոր մը իրեն հաջորդ կարգեն։

Հանկարծ,— ուշադրություն ըրեք,— խեղդ, նվաղած ձայն մը կհասնի ականջիս և արդարությամբ վասն մեղաց մերո՜ց խոսքը կլսեմ հեռվեն որոշակի։ Առաջին լսելուս բան մը չկրցի խորհիլ։ Տեր հայրերուն հետ մեր խոսակցության կուռ մասը վերջացած՝ քամուք մը մնացեր է, պահ-պահ ալ կհորանջենք։ Բայց ձայնը երթալով շուտ-շուտ կկրկնվի.

— Մեղաց մերո՜ց, վասն մեղաց մերո՜ց։