եղածը, որուն ավելի ճիշտ պիտի ըլլա սգավորներու հավաքույթ մը ըսել։
Պատվասիրության մը այս կերպ շռայլանքները, ինչպես կակնարկեինք, քիչ մըն ալ այն պաաճառով, որ Շալճին Փշիկեն ունեցած հին առնելիքներուն վրա նոր մըն ալ ավելցուցեր է անոր այս անգամ ալ ապառիկ տալով հարսանիքին համար հարկադրված գոտիները, վճարի պայմանն ալ դեմինը ինչպես որ կսպասեր։
Փշիկ ինքնին իր համակրելիության հետ ինկած երկրագործ մըն է, որ միշտ պատրաստ դրամ չունենար։ Ասանկներուն համար ըսված է, թե անոնք շատ անգամ ախոռին էշը կծախեն, որ տունին հարս մը բերեն, երկոտանի իշուկ մը ավելի տնտեսական գտնելով։
Հարսնիքի վերջին իրիկունը, վերջին հացին կնստին, տարևորները առանձին սեղանի մը շուրջը, հետո կարգ մըն ալ ճահիլ փեսամանուկները պիտի ունենան։ Վերջինները հավետ տրված պատվերներու մը համաձայն, ոտքերու բթամատի վրա արթուն ու ընդոստ՝ սեղանեն մինչև խոհանոցը կկոցի երթուդարձ մը կընեն։
Մեծերու այս սեղանին վրա կտուց կախողներուն մեջ՝ անգամ մըն ալ ըսեինք, թե դրացի Շալճիեն զատ ոչ ոք կա ուրիշ, որ ժողովարանը ներկայացնե։
Մյուսները տասնհինգ քսան հոգի՝ գինիին կարասին տակ քնացող լուսավորչական տուներու Իթուրիելներ՝ այն հիներն են, որ ժամուն ս. Ստեփանոսի պատմութենեն զատ բաներ մըն ալ շատ-շատ երկիրը իր վրա կրող մեծ եզին կյանքեն գիտեն։
Սեղանին վրա եկած երևցած կերակուրներու կարգին՝ գլուխգործոցը կերևա վերջապես, խորոված գառը գլխովը մեկտեղ, որուն ցռկամեջը չես գիտեր ի՛նչ վայրագ հեգնություն մը խորհրդավորելու համար փունջ մը թարմ ազատքեղ կզետեղեն, բայց իրավ սքանչելի։ Դաշտեցիին թոնիրը եփված այդ գառը վայելելու համար մեկ ստամոքս ունենալ չի բավեր, մուպարե՜կը… Օ՜հ, մուրազ տվողը, որ վերջը կբերեն կըսեն, վերջը, որ վրան հարիր լիր խմվի՝ կբերե Փշիկ — հարիր ալ երկու հարիր ալ կարձանագրե ուրիշ մը։ Շալճին անխոս, ու կերևի անոթի քիչ մըն ալ, աջ ձեռքի մատները եռաժանիի մը պես կխրե գառին կուրծքը, ուսկե վերցուցած պատառները այնպես կթաղե, ինչպես արագիլը դոդոշները կկլլե։ Գինին գառին վրա չի խմողը, երկու անգամ կմեռնի եղեր։ Մեռնողներ անոնք ալ, որ հարյուր լիրին ախորժակը ունեն։
Ու դույլերը մեկե ավելի սպասավորողներու ձեռքին մեջ՝ գը՜լ,