թութ կժողվե ու միտքը կընե նաև, որ ծիրանիներուն ու խնձորենիներուն տակ թափածներն ալ բանի մը բերե․ ան առտուն ճայն ու ճնճղուկները պարտեզին մեջ շատ գործ բացած են մեր խաթուն երիցուհիին։ Պարտեզը՝ վարդապետն ալ ահա, ասոր ետևեն դուռը բաց ձգված՝ գիրուկ, կարմիր աքաղաղ մըն ալ, ասի բոլորովին անակնկալ, որ հպարտ ու համարձակ քայլվածքով մը շիտակ բանջարանոցին վրա կհարձակի ու անմիջապես քճքճվածքին կսկսի: Իրիցկինին համար ան երկուքն ալ հիմա նախապես անոնց ո՞ր մեկը պիտի սկսեր քճքճել ու փախցնել։
Արի տես, որ վարդապետն հիմա հոս ալ իր նազին ու պահանջներուն մեջ.
— Իրիցկին, իրիցկի՛ն, կըսե, իրիցկին, աղջի՛կս։
— Հրամմե, կլսեմ արդեն։
— Իրիցկին, խուզում, աս իրկու ալ աս խոռոզը մորթեիր որ բերնակս բան մի դպնար, երկու օր է որ հիչ համ չեմ առներ կերածներես, եղով տապկե, վերջն ալ քանի մը տամլա կաթեցուր վրան, աս ալ կլսե՞ս օրհնած, հավ խըսմի գինիով որ չի տապկվի, խաշած լահանի տատ կուտա։
Հավամոլ աբեղուկը աղվո՞ր չի բացատրեր իր բերանին այնքան նրբին ու զգայնիկ քիմքը։ Խաշված հավը խաշված կաղամբի համ կուտա եղեր։ Աս ատեն իրեն ալ, տեր աստված, ով ըլլար փսփսացող մը թե՝ հապա, աղա վարդապետ, քու ան քարոզներդ ինտոր կմարսեն մտիկ ընողները, որ ջուրով խաշված շողգամեն ալ անլի, անհամ փսխեցուցիչներն են։ Իրիցկինը կպայթի, իրիցկինը շրթունքին ծայրը եզերած լուտանք մը զսպելու համար, անդին գետինները կճանկռտե։
— Ասօր հիչ ձայն չես տար, աղջիկ, կավելցնե ան՝ իր ձեռքովը խնձոր մը փրցնելով ցածկեկ տեղե մը, հարսներուն գործ չի ձգես կըսեմ, ձեռքովդ տապկես, հարսները աս արալըխ քինթ փինջ մը կընեն կարծես, գիտեմ, շատ ձանձրացուցի անոնք ալ, ես նորեն քեզի կյուվենմիշ եղեր եմ, իրիցկի՛ն, աղջիկս, մորթես, ձեռքովդ տապկես։
— Աղեկ ա, աղեկ ա, դուն մինակ հրամաններդ ըրե։
— Հրաման չէ աս, խուզիս, իրիճա հասկցիր։
— Ես ձեռքովս տապկեմ, որ դուն ալ ինչո՞վդ ուտես։
— Ա՞տ ինչ, իրիցկին, ինչո՞վ պիտի ուտեմ, ամեն օր ինչպե՞ս կուտեի։