— Ասօր շուտիկ կեր, ասօր շան լակամանով կեր, հասկցա՞ր մի, վարդապե՛տ, ալ ասոր հերիք կըսեն, համբերության ալ վերջն է կըսեն։
Վարդապետը ափ ի բերան շանթահար կըլլա, պատասխան մը ճլտորելու. բառ մը, բանիկ մըն ալ չի գտներ, շլլիքը դանակին տակ քսվող այծի ձեն մը կհանե միայն, բա՜, բա՜, բա՜…
— Բա բայիդ ալ, փա փայիդ ալ, սյուսլի շլըխտի ան չգիտեմ ինչերուդ ալ։
Ու բախտավոր աքաղաղն ալ ան կողմեն ուռուցք մը պարպելով, իր շիկորակ կուրծքեն ճիչ մը կերկնցնե, աս ալ ապահովապես իրիցկինին ըսածը կրկնելու համար, շուտի՜կս կե՜ր…
Այդ դեպքեն վերջ, որուն ականատես վկան ու արձագանքողը վայրկյանին իր ճիտն ազատող աքաղաղը կըլլա միայն, երկար տարիներ կանցնին, մեռած է իրիցկինը, մեռած բարի քահանան իր ահուզարերուն մեջ ու նույնպես վերջացած շատոնց հավն ցին շահապը,— աքաղաղը,— անշուշտ վերջապես անբնական մահով մը, ողջ մնացողը ան վարդապետն է, որ մոտիկ իննսուն տարին կապրի։
Երկու շաբաթ չըներ որ ապրելու համառած ան եկեղեցականն ալ իր վախճանին կդիմե ու անշուք թաղումով մը գերեզման կիջեցվի։
Վրան հանդիսություններ չեն կատարվիր, ո՛չ ձայն, ո՛չ դամբանական, ո՛չ թաց թարթիչ մը գոնե, որ իր գերեզմանին շիտկված ըլլա։ Ժողովուրդը չի գնաց իսկ հուղարկավորության, չլացավ բնավ, անոր համար, որ տարիներու ընթացքով բարոյապես զինքը խեղդող մղձավանջեն կազատեր, սիրածներն ալ չլացին այն որոշ պատճառով, որ հիմա քան երբեք ավելի իրական ու անկաշկանդ տերերը պիտի ըլլան անոր հարստության։
Իսկ բուն ազգականները՝ իրիցկինին տղաքները, երբեք չի տխրեցան, նույնիսկ թաղումին ալ դժվար գնաց մեկը, որ ինքզինքնին ավելի ստույգ, ավելի հաստատուն իրողության մը առջև գտան հիմա։ Վարդապետը աս վերջիններուն գեթ քահանա աղբորն ու լուսահոգի քահանայուհիին հիշատակ, մաշած ասեղ մըն ալ բաժին չէր հանած։
Խղճամիտ բարեհիշատակը, կըսեն, իր մինչև հագհագին, միտքը