Այս էջը հաստատված է

— Մեծ ըսելով ամեն ատեն հասակի չափ կամ տարիքի հասունություն չի հասկցվիր, տղա՛ս, մեծ ուրիշ բաներ ալ կըլլան, մեծություն միտքի, մեծություն հոգիի, մեծ տակավին բարոյական նկարագիրն ալ չափահասի մը, ինչպես քեզի պես մանուկին մեջ։

— Մեծ հոգին, մեծ միտքն ի՛նչ հապա, ավելցուցի։

— Մեծ հոգին, մեծ միտքը ան է, պատասխանեց մայրս, որ ճշմարիտը կսիրե, բարին կդավանի ու գեղեցիկին համար ալ իր պաշտանքը կբերե:

Ատ իսկ վայրկյանին ձեռքս վար առի մորս օձիքեն ու ես իմ մեջս ծրարվելով խորհիլ սկսա.— Ի՛նչպես պիտի կրնամ երեք բան նույն թափով հետապնդել ու երեքը մեկտեղ ունենալ օր մը։— Շա՛տ դյուրին, շատ հեշտ, մի՛ հուսահատիր երբեք, փոքրիկ տղա, ուրիշ կողմե ձայն մը ականջիս, առայժմ հասակիդ գործն ըրե, շարունակեց այն ձայնը, դպրոց գնա, պարկեշտ եղիր, կամքի ուժով հետապնդե մտավոր զարգացումդ, ինքզինքդ հեռու պահե ծույլերու դրացնութենեն, ան ատեն, օրըստօրեաբար աղվոր հոգի մը պիտի գա խաղա մեջդ, ան ատեն աշխարհ իր ստույգ իսկականության մեջ տեսնելու համար, գիշերն ալ ատ աչքերդ զույգ մը փայլուն արևներու շողանքներով ապահովված պիտի գտնես։

Նոր տարի՛ն, ի՜նչ աղվոր երազ, ի՜նչ գեղեցիկ հույսեր։ Այս պատճառով ահա ես ալ բնավ չպիտի զգամ սիրտ հատցնող տրտմությունը, երբ շուրջս դժվարություններ ունենամ, կամ երբ բերանիս մեջ բոլոր ակռաներս մեկտեղ կոտտան։ Առայժմ, այո՛, հասակիս գործը պիտի ընեմ, մնացածը ինծի պիտի ըլլա կհավատամ։ Մեծ մարդ մը պիտի ըլլամ, ու երեք աղվորություններ մեկտեղ պիտի սիրեմ, բարին, ճշմարիտը, գեղեցիկը։

Բարին՝ որ գիտեմ ինչ պիտի ըլլա ու գեղեցիկը, որ պիտի գիտնամ, թե ուր կգտնվի։ Պիտի բաղձայի, որ աս գիշեր անգամ մըն ալ նույն քունը գար աչքերուս վրա ու նույն երազս անգամ մըն ալ կրկնվեր: Նոր տարին ուրիշ ինչ ուներ, որ պիտի նվիրեր ինծի պես ուսանողի մը, որ կընդունի ու կհավատա թե՝ գոտեպինդ աշխատողն է ուրեմն, որ պիտի շահի մրցանակը։

1907