Վարդապետը գետնե գետին կանցնի, թափեր է գլուխեն ինչ որ ուներ, հազար աղաչանք, հազար ներողություն ու մոռացում քեռկինեն, անոր մինչև ոտքը լզելու աստիճան խնդրանքներու, ստորացումներու մեջ կգտնվի, ինքզինք արդարացնելու խոսքեր մըն ալ կկափկափե, «ես հոնկե թաշկինակս ինկած էր, պիտի առնեի, դուն ուրիշ բան հասկցար, միամիտ կնկուկ, դուն քույրս ես, դուն քեռկինս ես, դուն բերնիս բրդոնն ու ճաշակը հայտնապես, ըսե՛, ըսե՛, ուզածդ ըսե, որ անով երդվիմ, ձեռքս խղճիս վրա, անով կատարեմ երդումս։ Մարիա՛մ, համեստաշնորհ քույրս ու քեռկինս»։ Քույր կամ քեռկին՝ խեղճը ալ բան մը չի կրնար ընել, տեղը կմնա անեփ խմորը, երեսի վրա ամբողջ տունը, որ ան օրը մազ էր մնացեր, իր գերեզմանը պիտի ըլլար։ Քիչ վերջը էրիկ-մարդը ու տղաքը տուն կդառնան, կհասկնան եղածը հատ-հատ ու բան մըն ալ ավելի, կարելի՞ է համբերե՜լ, սուրբերն ալ պիտի համբերեի՞ն միթե. անմիջապես տունեն դուրս կուգան ու ամեն ուղղությամբ վարդապետ կփնտռեն, որ կերևա երեսն առնել վանք փախելու հնարավորության մը ելած է, կգտնեն վերջապես, կամացուկ մը տուն կհրավիրեն ու վերջինը տեսարանին։ Քեռին, վանականին գլուխը սեղմելով անութին տակ, քեռորդիներն ալ կամ երկու տղաքը աս հյուրընկալ գեղացիին, ձեռքերնին մեյմեկ փշոտ, ահագին սարփինա, կզարնեն ու կզարնեն, հայրերնին ալ ան իր բռնածին կռնակին ու թիկունքներուն վրա իջեցվելիք հարվածներուն չափին ու տեղին ցուցումները կընե. «հայտե, յավրում, հայտե, տղաքս, թողեք բայը հուսա պահ մըլ մըխ կըյրեցեք, թեզ-թեզ կըյրեցեք, դուն, Պեյրոս, խոփ մը շինե, Մարտիկ, դուն ալ հաստ գամ մը թափե ան տեղ», ծերուկին հակափորը ցուցնելով։
Դարբնոցի աշկերտներ, որոնք իրենց շինած գործիքները ու գամերը այն տեսակ սալի մը վրա կծեծեն կլմնցնեն, որ վանական ծերուկ աբեղայի մը քամակը կըլլա, ո՞ւր պետք է լսել թե՝ ողջ տեղ չի մնար այլևս։ Քեռիին տղոց մեկը անոր տրորված մարմինը պարկի մը մեջ դնելով տարբեր փողոցներով գեղեն դուրս կհեռացնե կամացուկ մը՝ ու վանք տանող ճամփուն վրա կնետե, ուսկե կամ վանք կերթա, կամ գերեզման կերթա։
Տարի մը վերջը այս դեպքեն, ան եղավ լսվածը, որ մեր երանաշնորհ բամպակ բերանը երեսի ջրիկովը, դուն ըսե մուրովը, շիփ շիտակ գերեզման գացեր է, իր քեռկին Մարիամն ալ իր այրված մատվըներուն ցավովը անկե տարի մը ետքը այն կողմը կճամփորդե։