Այս էջը հաստատված է

Անկե վերջ, քանի տարիներ անցած ըլլան կմտածեք, որ հիմա քիչ մը հասկցած ըլլայի, հիմա խելքիս պառկած ըլլար թե՝ վարդապետ մը ինչո՛ւ պետք է ամուսնանա, ինչո՛ւ անպատճառ պետք է ամուսնացած ըլլա իր պսակված օրինավոր կինը ունենալով իր կուշտին։ Բա՞ն է ան, որ քահանայի մը վերամուսնությունը առեր անցեր եք ու կուրծքերնիդ կճաթեցնեք։ Դուք հայ եկեղեցիին համար մեծագույն ծառայությունը ըրած պիտի ըլլաք, ան ատեն միայն, երբ ան կուսակրոն ըսածներուն ամուսնանալու հարցին վրա պահեք, հաստատեք ձեր վրանին ավանդականները։ Երեսունհինգ-քառասուն տարի անցավ, որ ես ալ այնչափ բան գիտնայի, համոզում ոսկորներուս ծուծին հետ խառնված ըլլար թե՝ վարդապետ մը ինչո՞ւ պետք է ամուսնացած ըլլա, ու որքա՛ն հույժ շահեկան խնդիր մըն է ասի մեկ օրեն մյուսը մեկդի չլքվելու համար։ Մենք ու մեզի պես հարյուրներ, հազարներ, ալ պետք չունեինք այն խոսքին, որ կըսեր մեր գեղին սուրբ Աստուրը ու կըսեն տակավին գեղեն դուրս ան հեռուները ապրող սուրբերը թե՝ «Ձեր խելքին չի պառկիր, տղա՛քս, դուք լռել գիտցեք»։ Բայց արդյոք պիտի ներկայանա՞ լայնկեկ, թույլտու առիթ մը, որ մեջտեղ գամ համարձակ ու խոստովանիմ հայտնապես, թե ինչո՞ւ պիտի չի կրնամ լռել։

1907

ԲԱՐԵՆԻՇ ՄԸ

ԵՐԿՈՒՔԵՆ Ո՞Ր ՄԵԿԸ

Կըսես ամմա․․․

— Աղա Գրիգոր, քանի օր է, որ միտքս կուգաս, շատերուն հանդիպած էի, կուզեի քեզի հետ ալ սանկ քիթ-քիթի տեսակցություն մը, բարի լույս մը հիմա։

— Աստծու բարին, աստծու բա… հրամեցեք։

— Տխուր ես բայց։

— Տխուր, տրտում, ախր վիճակնիս որ չի փոխվիր, ինչ ընել, երկու օր է գլխու ցավ մ’ալ։