Էջ:Թոթովենցի արձակ բանաստեղծություններ 04.jpg

Այս էջը հաստատված է

Բա՛ց լուսամուտը, թո՛ղ Գարունը ներս մտնե…

Ըրե՛ այնպես, ինչպես մայրիկը կըներ։

Այս իրիկուն անիկա ինձ պիտի այցելե։

Ես կը բաղձամ ողջունել զինքը, ինչպես նոր Կյանք մը, ճերմա՜կ, մաքո՜ւր շորերով և գարնան թարմությամբ։

Իմ ժպիտը դալկահար շրթներուս վրա կարմիր վարդերու փրփուրին կը նման՞ի, քո՜ւյր․․․

Իրիկուն է։

Վառե՛ ճրագը և տանը մեծ դուռը բաց թող.

Ես մայրիկին պիտի հանդիպիմ ճերմա՜կ, մաքո՜ւր շորերով և երիտասարդ թարմությամբ։

Արդեն մաքրած ես տունը և շորերս ու անկողնիս ճերմակները փոխած։

Ճրագը մեղմիկ կը հևա, աստղիկ կա սենյակիս մեջ…

Հոս մի՛ կենար, քո՜ւյր։ Գնա՛ դուրս և Գարունին հետ խոսիր՛

Կյանքի և Արևի մասին։

1917 թ.


****

Ես սիրեցի այս կյանքին բոլոր բաները, ատեցի, երգեցի և հարբեցա։

Ուրախացա մութին մեջ, ըմբոշխնեցի տրտմությունն անգամ։

Պատահեցա ամեն կարգի մարդոց, ընկերացա բոլորին հետ և մտա անոնց հոգիներուն մեջ։

Ես ծունկի եկա քարերու վրա, աղոթեցի Աստուծո ու հայհոյեցի անոր։

Ես լսեցի աշխարհին խոսքը և տեսա գործը։

Հիմա պատրաստ եմ ես մահվան։

Ես պատրաստ եմ սկսելու ուրիշ կյանք մը, դարձյալ այնքան ամբողջությամբ ապրելու, որքան այս կյանքը ապ­րեցա։

Ո՛չ ծաղիկներ կըտանիմ հետս և ո՛չ ալ խորհուրդ մը այս արևներեն։