Էջ:Թոթովենցի արձակ բանաստեղծություններ 06.jpg

Այս էջը հաստատված է


Կը թողում քեզ քու ներշնչումի քաղցրության և երաժշտու­թյան մեջ առանց ավելորդ զրույցներու․․․
Մնաս բարով, լրացո՛ւր քերթվածը․․․

«Կեցի՛ր,— մրմնջեցի ես, բռնելով իր թևեն,— քու ներկայությամբդ ամեն ինչ կատարյալ է․․․»
«Ո՛ չ,— ըսավ անիկա,— ներշնչումը պետք է հասնի իր

հաղթական լրումին»։

Ու անիկա դուրս գնաց լռությամբ, թողելով զիս իր մարմինեն փրփրած բույրի ալյակներուն մեջ…


Ո՜վ գեղեցիկը և ամենակատարյալը բոլոր ստեղծագործու­թյան, ինչպե՞ս լրացնել անլրիվ մը լրիվ թողելով․․․


***

Իր կյանքի վերջին վայրկյաններն էին, երբ ես մոտեցա սնա­րին։

«Մի՛ տրտմիր,— ըսավ անիկա, ցուցնելով ինձ տախտակամածին վրա տարածված արևուն տաքուկ շողերը։—
Քեզի՛, Սիրելի՛ս, վայելքը արևու ճաճանչին, քեզի վարդերը և պատուհանին ալպյան մանիշակները…»։


Ես շուրջս նայեցա։ Անոնք բոլորը գեղեցիկ էին։
Դարձյալ նորեն իմ սիրուհիին, Անոր աչքերը գոցված էին վարագուրելով վերրջալույս մը իրեն ետին։ Շրթունքնե­րը տժգուն էին և խաղաղ…
Մահը դուրս ելած էր, և ամեն ինչ լուռ էր․․․
Ես դարձյալ նայեցա շուրջս և չգտա ո՛չ վարդ, ո՛չ արևու շող և ո՛չ ալ մանիշակներ…
Ես դառնորեն լացի և ըսի՝

«Քու կյանքեն հեռու ո՛չ շող կա և ո՛չ ալ ծաղիկ․․․»։


***


Խաչե՛ զիս քու կուրծքին վրա և օծե՜ իմ հոգեվարքս քու կու­սական բույրերով…
Երգ մը կաթե քու բուստերեդ իմ վերջալուսվող աչքերուս խորքը…