Էջ:Թոթովենցի արձակ բանաստեղծություններ 07.jpg

Այս էջը հաստատված է


Լամ բուրներովդ գգվե՛ զիս և թո՛ղ ես բույր տանիմ մահվան…
Զիս խաչե քու կուրծքիդ վրա և փաթթե քու շուշաններովդ…
Քու մեկ երգովդ, հոգիեդ բղխած և մեկ շողովդ, աչքերեդ արշալուսված՝ դամբանական խավարին մեջ ես արևներ կը վառեմ…
Քու մեկ շողովդ կստեղծեմ գարուն մը՛ անկախ գարունեն…
Ես մայիսով կը պճնեմ մահվան միգամած սիրտը…
Քու մեն մի մրմունջեն ես քնարնե՜ր կստեղծեմ.
Ինչո՞ւ չարթնցար՝ մինչև որ ես քեզ չհամբուրեցի…
Ինչո՞ւ չքնացար՝ մինչև որ ես քեզ չհամբուրեցի…
Ինչո՞ւ կարտասվես քաղցրորեն, երբ ես դողդոջուն համբույրով կը մրմնջեմ՝

«Ես քեզ կը սիրե՜մ…»։

Ինչո՞ւ իմ բացակայությանս միայն դու կերգես…
Ինչո՞ւ դու զիս կը գրկես և կը սեղմես կուրծքիդ անձկանոք՝ միայն իրիկնամուտի ոսկյա ալիքներուն մեջ…
Ինչո՞ւ դու կին ես և այնքա՜ն քաղցր…
Ինչպե՞ս է, որ դու կին ես և այնքա՜ն քաղցր…


***


Ես կը բաղձամ և կը կարոտիմ, որ դու հպիս իմ երիտասարդ երազներուս նոր բացված կարմիր վարդերուն քու երգիդ և շողերուդ ալիքներով…
Ես կը բաղձամ և կը կարոտիմ, որ դու ճանչնաս իմ վիշտը, անիկա առաջին ծաղիկն է քու էությանդ։
Իմ օրերս երկու եղանակ ունին միայն — գարուն է զեփյուռ­ներով և փթթումներով, երբ դու կանցնիս իմ լուսամու­տիս առջևեն…
Աշուն է ցուրտ, միգամած և քարի պես ծանր մնացյալ իմ բոլոր օրերս…


***


Երբ իմ լուսամուտիս առջև գարնան առաջին վարդը բացվեցավ, ես չմոտեցա երկյուղածությամբ և չհոտոտեցի…